Կառավարություն

«Հայկական միրգ» ընկերությունը լուծարվում է․ կառավարությունը որոշեց

«Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը, որն ունի 100 տոկոս պետական բաժնեմաս, լուծարվում է: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում:

Ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության որոշմամբ: Այն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջև ստորագրված ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում՝ իրականացնելու Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի «Աջակցություն պտղի և ընկուզենու արտադրության հատվածին» ենթաբաղադրիչը:

2016 թվականից ծրագիրը ավարտված է, ընկերությունը որևէ գործունեություն չի իրականացնում ու եկամտի աղբյուր չունի, աշխատակազմը ազատված է աշխատանքից՝ բացառությամբ տնօրենի և հաշվապահի:

«Ընկերության 132 136 հատ բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, որոնց կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Կանոնադրական կապիտալը կազմում է 660.7 մլն դրամ: 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմված հաշվապահական հաշվեկշռի համաձայն ակտիվները կազմում են 81.2 մլն դրամ, ինչը հանդիսանում է հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը: Կուտակված վնասը կազմում է 591.1 մլն դրամ, պարտավորությունները՝ 11.6 մլն դրամ, որից 7.2 մլն դրամը աշխատավարձի գծով:

Ընկերության վնասը հիմնականում գոյանում է աշխատավարձի և պետական բյուջեի հանդեպ հաշվարկվող համապատասխան հարկային պարտավորություններից: Ընկերության հետագա գոյությունը հանգեցնում է միայն պարտավորությունների գումարների առաջացման և վնասի կուտակման, ուստի առաջարկվում է այն լուծարել»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ