fbpx
Մշակույթ

Հայտնի է՝ երբ է մեկնարկելու Ֆրեսկո ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը Հայաստանում կմեկնարկի 2019 թվականի օգոստոսի 23-ից օգոստոսի 30-ը: Տեղեկացնենք, որ փառատոնը տևելու է 8 օր: Փառատոնը ունենալու է երկու բացում, որոնցից մեկի ժամանակ «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Բարձունքի հատակից» ֆիլմը, ապա կկայանա հանդիպում – քննարկում ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի և քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ, ով ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է: Օգոստոսի 24-ին կկայանա փառատոնի բացօթյա հանդիսավոր բացումը, որտեղ կհնչի Կոմիտաս՝ Արթո Թունչբոյաջյանի, Վահան Արծրունու և Վահագն Հայրապետյանի կատարմամբ: Փառատոնային օրվա յուրաքանչյուր մեկնարկ կտրվի համերգային ծրագրով: Փառատոնի ծրագրում ընդգրկվելու են բացօթյա տարածքում և դահլիճներում միջազգային ֆիլմերի դիտում-քննարկումներ ֆիլմերի հերոսների հետ, ինչպես նաև ցուցահանդես «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ասեղնագործ ծիսական պարագաներ» թեմայով:

Այս տարի «Ֆրեսկո»-ի ժամանակ լինելու են նաև նոր ծրագրեր՝ Իտալիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից կներկայացվեն սեփական փառատոների փորձառությունը, առաքելությունը և լավագույն ֆիլմերը («Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի փառատոն, «Պոկրով» միջազգային Ուղղափառ կինոյի փառատոն «Սակրոֆիլմ» կաթոլիկ ֆիլմերի փառատոն և «Կրոնն այսօր» միջազգային ֆիլմերի փառատոն): Արտերկրից և Հայաստանից փառատոնին մասնակցելու է եկել 30 հյուր, այդ թվում՝ Հայր Մարեք Լիսը, ով մի շարք կինոփառատոններում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ, ինչպես նաև իսրայելացի լուսանկարիչ Դ. Բրիկմանը:

Հյուրերի ցանկում են նաև կինոփառատոնների նախագահներ, կինոգործիչներ, հոգևորականներ: Փառատոնը կամփոփվի հանդիսատեսի կողմից ամենասիրված ծրագրով՝ վրանային կինոճամբարով, որը կկայանա Հայաստանի տեսարժան վայրերից մեկում՝ Սաղմոսավանքում:

«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս խոցելի խմբերի հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ, նրանք ոչ միայն մասնակցում են բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավվում են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում: Ամենամյա ավանդույթ դարձած փառատոնի օրհնված հուշանվերները, որոնք պատրաստել են Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաները, հանդիսավոր բացման ժամանակ կբաժանվեն հանրությանը. հայկական խաչքարեր՝ Նորատուսի, Գեղարդի, Էջմիածնի և Ջուղայի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ