fbpx
Քաղաքականություն

ՀՀ-ն և ԵՄ-ն մեկնարկում են մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը

ՀՀ կառավարությունը և Եվրոպական հանձնաժողովը հանդես են եկել համատեղ մամուլի հաղորդագրությամբ՝ նշելով, որ Երևանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվեց մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսութունը մեկնարկել է:

«Այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ:

Մուտքի արտոնագրերի շուրջ երկխոսությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել լայն շրջանակի մի մասն է, որը զգալի առաջընթաց է գրանցել 2017 թվականին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրումից ի վեր: Երկխոսության շրջանակներում գործադրվող շարունակական ջանքերը կաջակցեն Հայաստանում իրականացվող բարեփոխումների համապարփակ օրակարգին, մասնավորապես՝ այն ոլորտներում, որոնք առանցքային են ԵՄ երկրներ առանց մուտքի արտոնագրերի ճամփորդելու համար, ինչպիսիք են՝ փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների և միգրացիայի կառավարումը, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև հիմնարար իրավունքների պաշտպանությունը:

Երկխոսության մեկնարկի համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրերի հաջող

իրականացումը, որի շնորհիվ 2014 թվականի հունվարի 1-ից ճամփորդության ընթացակարգերը պարզեցվել են բազմաթիվ հայ քաղաքացիների համար։ Ներկայումս ԵՄ բոլոր քաղաքացիներն ազատված են Հայաստան մուտքի արտոնագրի պահանջից:

Հաջորդող քայլերը

Հայաստանի կառավարությունը և Եվրոպական հանձնաժողովը սերտորեն կաշխատեն՝ ապահովելու երկխոսության սահուն և արդյունավետ ընթացքը: Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը։ Գործընթացը կպահանջի սերտ համագործակցություն ԵՄ անդամ պետությունների հետ՝ արձանագրվող առաջընթացը և զարգացումները ճշգրտորեն մշտադիտարկելու նպատակով։

Ընդհանուր տեղեկություններ

Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը հաջորդում է Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք նախաձեռնություններին, որոնք բխում են 2023 թվականի հոկտեմբերին Եվրոպական խորհրդի այն որոշումից, որով վերջինս հանձնարարել է ԵՄ Բարձր ներկայացուցչին/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահին և Եվրոպական հանձնաժողովին ներկայացնել հնարավոր ուղղություններ՝ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման համար: Այս քայլը նախանշվել է նաև 2021 թվականի դեկտեմբերին Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովի համատեղ հռչակագրի տեքստում։

2024 թվականի ապրիլին Եվրահանձնաժողովը ներկայացրել է 2024-2027 թվականներին Հայաստանի համար «Դիմակայունության և աճի» ծրագիրը՝ 270 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ։ Ծրագիրը նպատակաուղղված է լինելու Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը:

2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը նվազեցնում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի վճարները և չեղարկում դրանք որոշ կատեգորիաների դիմողների համար:

2024 թվականի հուլիսի 22-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը ողջունել է «Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի մտադրությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ