ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացումը մեր արտաքին քաղաքականության ուղղություններից է, ինչն իր արտացոլումն է գտել նաև կառավարության ծրագրում, 2018 թվականի պետբյուջեի կարատողականի հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նա նկատեց՝ անկախությունից ի վեր ԵՄ համագործակցությունը մեծապես նպաստել է ՀՀ-ում տնտեսական, արդարադատության, պետական կառավարման և այլ ոլորտներում կայացմանը։
Նախարարը կարևորեց 2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որով ՀՀ-ԵՄ հարաբերությունները, Մնակացականյանի խոսքով, թևակոխեցին նոր փուլ։
«Նոր համաձայնագիրը կառավարության արդյունավետ կիրարկման գերակայությունների շարքում է և համահունչ է վերջինիս կողմից որդեգրած բարեփոխումների համակարգին», – ասաց Մնացականյանը։
ԱԳ նախարարը կարևորեց համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ երկրների այդ թվում՝ ՀՀ ԱԺ կողմից։
«2017-ին ապրիլի 11-ին համաձայնագիրը վավերացվեց ԱԺ կողմից, ինչը հնարավորություն տվեց հունիսի 1-ից մեկնարկել համաձայնագրի ԵՄ բացառիկ իրավասության ներքո գտնվող դրույթների ժամանակավոր կիրարկումը, որոնք կազմում են համաձայնագրի մոտ 80 տոկոսը։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ԵՄ բոլոր անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացն ավարտին հասցնելուց հետո։ Այսօրվա դրությամբ ԵՄ անդամ երկրներից համաձայնագրի վավերացման համար ներպետական ընթացակարգերը ավարտին հասցնելու համար ԵՄ խորհրդին տեղեկացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան և Սլովակիան։ Մարտի 26-ին Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերություններ հանաձաժողովը միաձայն հավանության է արժանացրել համաձայնագրի վավերացումը նախատեսող օրենքի նախագիծը։ Ապրիլի 4-ին Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է համաձայնագիրը։ Այժմ այն ներկայացվել է Գերմանիայի նախագահի ստորագրությանը։ Ապրիլի 18-ին Չեխիայի պատգամավորների պալատը երկրորդ ընթերցմամբ իր հավանությանն է արժանացրել համաձայնագիրը, որը ստորագրել են նաև Չեխիայի վարչապետն ու նախագահը։ Համաձայնագիրը վավերացվել է նաև Շվեդիայի խորհարանի կողմից», – ասաց Մնացականյանը: