fbpx
Քաղաքականություն

Վարդան Հարությունյանի հետ կատարվածը եղել է նախապես ծրագրված. ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել

«Հայ ազգային կոնգրես»-ը հայտարարություն է տարածել վերջերս ՀՅԴ անդամների կողմից ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին.

«Ակտիվիստ Վարդան Հարությունյանի նկատմամբ վերջին երկու շաբաթների ընթացքում գործադրված և հասարակական լայն արձագանք ստացած բռնության դեպքերը, դրանց առնչությամբ Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ գերագույն մարմնի այլ անդամների հայտարարությունները, ինչպես նաև սույն թվականի մայիսի 25-ին ՀՅԴ հրավիրած հանրահավաքում հնչած որոշ ելույթներ բացահայտեցին խիստ վտանգավոր հետևյալ իրողությունները․

1, Վարդան Հարությունյանի հետ կատարվածը եղել է նախապես ծրագրված, մանրամասն մշակված գործողություն, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ դժվար է բնութագրել։

2, ՀՅԴ ղեկավարները բաց տեքստով հայտարարում են, որ որպես քաղաքական պայքարի մեթոդ կրկին որդեգրում են ահաբեկչությունը և ինքնադատաստան են հայտարարում այն անձանց նկատմամբ, որոնք ունեն իրենց հայացքներից տարբերվող հայացքներ կամ իրենց դավանած արժեքներին չհամապատասխանող արժեքներ։

Այսպիսով, ապրիլյան հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանի քաղաքական կյանքում սպառնում է վերստին ծլարձակել 20-ամյա բռնապետության մեթոդաբանությունը, ինչը պետք է լուրջ ահազանգ լինի երկրի իշխանությունների, քաղաքական ուժերի և ամբողջ հասարակության համար։ Ցավով պետք է նշենք, որ Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված առաջին բռնությանը իրավապահների պատշաճ արձագանքի բացակայությունը հանգեցրեց բռնության կրկնությանը։ Հուսով ենք, որ այժմ իրավապահ մարմինները կցուցաբերեն անհրաժեշտ հետևողականություն, ամբողջությամբ կբացահայտեն կատարված հանցագործությունը և պատասխանատվության կենթարկեն թե՛ կատարողներին, թե՛ պատվիրատուներին։

Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում պետք է բացառվեն ահաբեկչությունն ու բռնությունը։ Դրանց հետագա ծավալումը կանխելու համար, իշխանությունները պետք է շտապ և վճռական քայլերով արմատախիլ անեն այդ երևույթը»։

Հիշեցնենք, որ վերջերս ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, մինչ այդ էլ, մի քանի օր առաջ ծեծել են տան մոտ: Դեպքի առիթով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ