Քաղաքականություն

ՀՀ հումանիտար առաքելությունը բժշկական պարագաներ է փոխանցել Հալեպի զինվորական հոսպիտալին

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ՝ հոկտեմբերի 17-ին ՀՀ հումանիտար առաքելության խմբի կողմից Հալեպի զինվորական հոսպիտալին բժշկական պարագաներ են փոխանցվել։

Սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունը երախտագիտություն է հայտնել հայ բժիշկներին՝ ոչ միայն տրամադրված բժշկական պարագաների, այլ նաև հայկական ծերանոցում, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք այլ բժշկական հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար:

Զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիի խոսքով՝ հայաստանցի և սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում պատերազմի հետևանքով տուժածներին օգնելու համար. «Մեր հայ գործընկերները մարդասիրությամբ, մարդկայնությամբ և պրոֆեսիոնալ կերպով ամեն օր օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Ազգովի գնահատում ենք այս կարևոր քայլը, որ մեզ համար դժվար իրավիճակում հայերը կանգնեցին մեր կողքին»։

Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին, ինչպես նաև առողջապահական մարմիններին՝ մշտական աջակցության համար։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2140545166240386&id=1513184855643090

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ