Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով, և դա վերահաստատվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով, որտեղ Ալմաթիի հռչակագիրն ընդունվել է որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հիմք։ Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետևյալն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթիի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել և հետագայում արդեն սահմանագծման և սահմանազատման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել Հայաստանին։ Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն, ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում։ Եթե նման հարց է բարձրացվում, ուրեմն սահմանները որոշված են, իսկ այդ սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման մասին Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։ Իսկ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը վկայում է ոչ թե սահմանների բացակայության մասին, այլ հակառակը՝ որոշված, այսինքն՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած վարչական սահմանագծերի վերահաստատման և հողի վրա դրանց արտացոլման գործընթացն է որպես պետական սահման»,- Կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հավելեց, որ վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխանաբար 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա խաղաղություն հաստատելու պայմանավորվածությունը և սպասում է Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածության հրապարակային վերահաստատմանը։