«Հիբրիդային պատերազմի» դեմ հուժկու պայքար է մղվում

Հրապարակող՝

«Հիբրիդային պատերազմի» դեմ հուժկու պայքար է մղվում

Ամենադիտվածներ

Ուրեմն հասել ենք մի կետի, երբ իրականացվում է հասարակական գիտակցության տոտալ վերափոխման հրեշավոր փորձ, որտեղ մեր պատմական հիշողությունը, տրավմաներն ու անվտանգային վախերը ծառայեցվում են ոչ թե ազգային դիմադրողականությունը բարձրացնելու, այլ նոր քաղաքական կոնյունկտուրային հարմարվելու նպատակին։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր աչքի առաջ՝ սկսած ադրբեջանցի «բնապահպանների» ու «քաղհասարակության» ներկայացուցիչների ցուցադրական այցերից, մինչև կեղծ անաչառության դիմակի տակ հանդես եկող վերլուծաբան-մեկնաբանների ու «արևմտամետ» քաղաքագետների քարոզը, առանձին դրվագներ չեն։ Սա հետևողականորեն մշակված մի նարատիվ է, որի հեռահար նպատակն է սովորեցնել հանրությանը «տեսանելի թշնամուն» ընկալել որպես անխուսափելի գործընկեր, իսկ «դաշնակցին»՝ որպես միակ և բացարձակ չարիք։
Ու հենց այս մանիպուլյացիան ունի մի քանի հստակ նպատակ։ Նախևառաջ, Ռուսաստանի հանդեպ հետևողականորեն սերմանվող թշնամանքը ծառայում է որպես հարմարավետ վահան՝ սեփական քաղաքական ձախողումները և ադրբեջանա-թուրքական պահանջների անվերապահ կատարումը հանրությունից քողարկելու համար։ Ստեղծվել է մի պարզունակ, բայց էմոցիոնալ առումով ազդեցիկ երկընտրանք. եթե դու քննադատում ես իշխանության զիջողականությունը, ապա ավտոմատ պիտակավորվում ես որպես «ԿԳԲ-ի գործակալ» կամ «ռուսական ազդեցության տակ գտնվող հակապետական տարր»։ Նման մոտեցումը թույլ է տալիս ցանկացած լեգիտիմ ազգային մտահոգություն կամ շահի պաշտպանություն որակել որպես օտարածին շահերի սպասարկում։
Այսինքն՝ օգտագործում են ամենապարզունակ մեխանիզմը՝ Քաղաքական հայելայնությունը (Political Mirroring)։ Սա այն երևույթն է, երբ ուժը, որը պայքարում է մի «չարիքի» դեմ (տվյալ դեպքում՝ սովետական անցյալի կամ ռուսական ազդեցության), սկսում է կիրառել հենց այդ նույն չարիքի գործիքակազմը։ Օգտագործվում է նույն սովետական «ժողովրդի թշնամի» (враг народа) կոնցեպտը, պարզապես անունն է փոխվել։ Եթե այն ժամանակ պիտակավորում էին որպես «իմպերիալիզմի գործակալ», հիմա պիտակավորում են որպես «ԿԳԲ-ի գործակալ»։ Մեթոդը նույնն է՝ անձի վարկաբեկում՝ բովանդակային քննարկումից խուսափելու համար։
Սա կարելի է անվանել նաև տոտալիտար մտածողության «Ներքին սովետիզմ»։ Մարդիկ կարող են հագնել արևմտյան արժեքների կեղծ դիմակներ և խոսել դեմոկրատիայից, բայց նրանց գործելաոճը մնում է բոլշևիկյան՝ «ով մեզ հետ չէ, մեր թշնամին է»։ Սա բացարձակ անհանդուրժողականություն է այլակարծության հանդեպ, որտեղ ցանկացած ընդդիմադիր միտք դիտարկվում է ոչ թե որպես քաղաքական դիրքորոշում, այլ որպես «դավաճանություն» կամ «լրտեսություն»։
Այսպես կոչված «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի լոզունգների ներքո իրականում տեղի է ունենում հասարակության ներքին պառակտում։ Թշնամու կերպարը պարզապես տրանսֆորմացվում է։ Ստեղծվում է մի վտանգավոր վակուում, որտեղ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումները, շրջափակումն ու տարածքային բացահայտ նկրտումները մղվում են երկրորդ պլան՝ փոխարինվելով «ռուսական լծից ազատվելու» էյֆորիկ, բայց դատարկ խոստումներով։
Բոլորիս համար պարզ է, որ սա կեղծ օրակարգ է։ Յուրաքանչյուր պետության ղեկավար, ով իրոք նպատակ կունենար դուրս գալ գերտերության հեգեմոնիայի տակից, տարիների ընթացքում ոչ թե էլ ավելի կխորացներ կախվածությունը, այլ կփնտրեր իրական ու կենսունակ այլընտրանքային ուղիներ։ Սակայն դրա համար անհրաժեշտ էր պետականամետ մտածողություն և լուրջ ջանքեր, ինչը չենք տեսնում։ Այսօրվա «դեմոկրատիայի» և «ինքնիշխանության» լոզունգները պարզապես ծառայում են Հայաստանը աշխարհաքաղաքական առևտրի առարկա դարձնելուն։ Արդյունքում՝ իշխանությունը փորձում է դուրս գալ «հերոսի» կերպարով՝ ստանալով դրսի ֆինանսավորումն ու աջակցությունը, մինչդեռ պետությունը կորցնում է իր կենսունակության հիմքերը:
Հ․Գ․ Նկարը վերցված է ադրբեջանական EDNews լրատվականից։ Այդ պատկերի վրա տեսնում ենք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության՝ բոլորիս հայտնի «ներկայացուցչին», իսկ խորապատկերին Արարատն ու Երևանը՝ ադրբեջանական դրոշի ներքո։ ՀՀ իշխանությունները վստահեցնում են, թե «հիբրիդային պատերազմի» դեմ հուժկու պայքար է մղվում…

Ամենաթարմ