Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Սեպտեմբերի 17-ին պայքարն ավարտեցին հունահռոմեական ըմբիշները։ Հայաստանի հավաքականը նախաօլիմպիական ԱԱ-ին մասնակեց 10 քաշային կարգերից 9-ում։ Հայաստանը ներկայացուցիչ չուներ միայն 130 կգ քաշային կարգում։ Հավաքականը նվաճեց մեկական արծաթե ու բրոնզե մեդալներ և 2 օլիմպիական ուղեգիր՝ 77 և 97 կգ քաշային կարգերում։
Փորձենք ամփոփել 9 քաշային կարգերում հանդես եկած ըմբիշների ելույթները։
55 կգ քաշային Նորայր Հախոյանի քաշային կարգը ոչ օլիմպիական էր։ Երիտասարդ ըմբիշը որակավորման փուլում մրցեց Ճապոնիան ներկայացնող Շոթա Օգավայի հետ և պարտվեց: Հետագայում ճապոնացին նույնպես պարտվեց՝ զրկելով Հախոյանին բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։ Ճապոնացի ըմբիշը պարտվեց Վրաստանը ներկայացնող Նուգզարի Ցուրցումիային, որը դարձավ աշխարհի չեմպիոն։ Ի դեպ, Ցուրցումիան երիտասարդ ըմբիշ է, սակայն աչքի է ընկնում կամային բարձր որակներով և վստահ գոտեմարտերով։
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցն էր Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի նախորդ առաջնության արծաթե մեդալակիր, ուզբեկ Էլմուրադ Թասմուրադովը։ Ղարիբյանը 0:7 հաշվով պարտվեց մրցակցին, հետագայում Թասմուրադովն էլ պարտվեց ճապոնացի Կենիչիրո Ֆուտիմային, որն էլ դարձավ այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում 10:5 հաշվով հաղթելով Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Եմելինին։ 60 կգ քաշային կարգը օլիմպիական էր, ուստի Հայաստանի հավաքականն այստեղ ուղեգիր չնվաճեց Տոկիո-2020-ի համար։
63 կգ քաշային Սլավիկ Գալստյանն այս առաջնությունում նվաճեց Հայաստանի հավաքականի առաջին մեդալը։ Նա բրոնզե մեդալին մոտ էր դեռևս Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում, սակայն չկարողացավ առավելության հասնել Ադրբեջանը ներկայացնող Թալեհ Մամադովի նկատմամբ։ Աշխարհի առաջնությունում Գալստյանն ավելի լավ գոտեմարտեր անցկացրեց՝ տանելով կամային հաղթանակներ։ Մինչև կիսաեզրափակիչը նա առավելության հասավ Ադրբեջանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հավասար պայքար մղեց այդ պահին աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանի հետ և պարտվեց 2:4 հաշվով։ Շատ մասնագետների կարծիքով, եղավ մրցավարական կողմնապահություն՝ հօգուտ Մարյանյանի, և Գալստյանը զրկվեց եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։ Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը մրցեց իրանցի Մեյխամ Դալխանիի հետ և լարված պայքարում հաղթեց 7:5 հաշվով։ Դա Սլավիկի առաջին մեդալն էր մեծահասակների աշխարհի առաջնությունում։ Հատկանշական է, որ Սլավիկ Գալստյանի անձնական մարզիչ Մարտին Ալիխանյանի սաներն այս տարվա բոլոր կարևոր ստուգատեսերում մեդալներ են նվաճել։
67 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ միավորների բացահայտ առավելությամբ հաղթեց Տաջիկստանը ներկայացնող Ահմեդովին, սակայն 1/8 եզրափակչում վիճելի մրցավարության պատճառով պարտվեց Եգիպտոսը ներկայացնող Իբրահիմ Էլսայեդին: Վերջինս չկարողացավ հասնել եզրափակիչ, և Կարենը դուրս մնաց պայքարից:
72 կգ քաշային Մալխաս Ամոյանն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը։ Նա պայքարը սկսեց որակավորման փուլից ու վստահ հաղթանակ տարավ սերբ ըմբիշի նկատմամբ, այնուհետև հաղթեց Լեհաստանը ներկայացնող Մատեուս Բերնատեկին, իսկ քառորդ եզրափակչում հանդիպեց այս քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Աբույազիդ Մանցիգովին, որին պարտվեց 0:4 հաշվով։ Մանցիգովը հասավ եզրափակիչ, և Ամոյանը ստացավ սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն։ Կորեացի Ջիյոն Լիի հետ գոտեմարտի ժամանակ նա հաղթում էր 4:2 հաշվով, սակայն վերջին վայրկյաններին բաց թողեց 4 միավորանոց հնարք, մարտավկաները բողոքարկեցին մրցավարների որոշումը, սակայն բողոքարկումը չբավարարվեց, և Ամոյանը պարտվեց 4:7 հաշվով։
77 կգ քաշային Կարապետ Չալյանն այս առաջնությանը մասնակցեց Արսեն Ջուլֆալակյանի հետ փորձամրցումը հաղթելուց հետո։ Նրան բավականին լավ վիճակահանություն էր բաժին հասել ԱԱ-ում։ Չալյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից և, հաղթելով ճապոնացի, վենեսուելացի ու բելառուս ըմբիշներին, դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ 5:2 հաշվով պարտվեց Շվեդիան ներկայացնող Ալեքս Կեսիդիսին: Մարզիչները նշում էին, որ նա ձեռքից բաց թողեց հաղթած գոտեմարտը և կարող էր պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Բրոնզե մեդալի համար պայքարում նրա մրցակիցն էր Իրանը ներկայացնող Մոհամադալի Ղերային։ Գոտեմարտը գեղեցիկ ստացվեց, երկու ըմբիշերն էլ 4 միավորանոց հնարքներ կատարեցին, բայց Չալյանը պարտվեց 6:9 հաշվով։ Նա երկրորդ օլիմպիական ուղեգիրը նվաճեց Հայաստանի հավաքականի համար։
82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 4:1 հաշվով հաղթեղ Ղրղզստանը ներկայացնող մարզիկին, իսկ հաջորդ փուլում պարտվեց ռուս Ադլան Ակիևին։ Ակիևը նույնպես պարտություն կրեց, և Մաքսիմ Մանուկյանը հնարավորություն չունեցավ պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար։
87 կգ քաշային Արթուր Շահինյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ պարտվեց կուբացի Դանիել Հեչավարիային: Կուբացուն չհաջողվեց նվաճել եզրափակիչի ուղեգիր, ինչի պատճառով Շահինյանը դուրս մնաց պայքարից։ Այս քաշային կարգում նույնպես հավաքականն օլիմպիական ուղեգիր չնվաճեց։
97 կգ քաշային կարգում Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի և աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևի գոտեմրատին սպասում էր ըմբշամարտի ամբողջ աշխարհը։ Նրանք մրցակցային ցանցի տարբեր հատվածներում էին և կարող էին հանդիպել միայն եզրափակչում, և եթե եզրափակիչի ճանապարհին Եվլոևի մրցակիցներն այնքան էլ ուժեղ ըմբիշներ չէին, ապա Արթուրը պայքարը սկսեց որակավորման փուլից և հաղթեց իր քաշային կարգի քիչ թե շատ հայտնի ըմբիշներից շատերին։ Նուր-Սուլթանում նա անցկացրեց 5 գոտեմարտ և տարավ նույնքան հաղթանակ։ Հետո արդեն պարզ դարձավ, որ թուրք Իլդեմի հետ 1/8 եզրափակիչի գոտեմարտում Արթուրը կողոսկրի կոտրվածք էր ստացել, և հաջորդ երկու գոտեմարտերում հաղթել էր ծանր վնասվածքով։ Հաջորդ օրը մինչև վերջին վայրկյանը սպասվում էր, որ նա դուրս կգա գորգ և Եվլոևի հետ կպայքարի եզրափակչում, բայց ցավերն այնքան էին ուժեղացել, որ մարզչական խորհուրդը որոշեց ռիսկի չդիմել և վնասվածքը չխորացնելու համար հրաժարվել մասնակցությունից։ Եվլոևն աշխարհի չեմպիոն դարձավ առանց պայքարի ու գոտեմարտի, հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ափսոսում է, քանի որ շատ էր ցանկանում գոտեմարտել Արթուրի հետ։ Իսկ նրանց միջեւ գոտեմարտերի ընդհանուր հաշիվը 1:1 է՝ մեկ անգամ հաղթել է նա, մեկ անգամ՝ Արթուրը, իսկ այս մեկը հաշիվ չէ։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նվաճեց երկու մեդալ և երկու օլիմպիական ուղեգիր: 2015 թվականի նախաօլիմպիական աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձյալ նվաճել էր երկու օլիմպիական ուղեգիր (98 և 66 կգ քաշային կարգերում), ինչպես մեկ մեդալ (աշխարհի չեմպիոն էր դարձել Արթուր Ալեքսանյանը)։
Մեկ հետաքրքիր փաստ ևս. այս առաջնության ժամանակ Հայաստանի հավաքականի մարտավկաների ոչ մի բողոքարկում չի բավարարվել։ Հայաստանի հավաքականը ոչ պաշտոնական թիմային հաշվարկում 9-րդ էր։ Սա առաջին խոշոր մրցաշարն էր առանց թիմը 20 տարի գլխավորած Լևոն Ջուլֆալակյանի: Իսկ թե հետագայում ի՞նչ կորոշվի և ո՞վ կգլխավորի հավաքականը, ցույց կտա ժամանակը:
Գրում է ՀԱՕԿ-ը։