fbpx
Մշակույթ

Հնագետները կոչ են անում դադարեցնել եգիպտական հնությունների վաճառքը աճուրդներում

Հին եգիպտական հուշարձանների ցուցադրությունը համաշխարհային թանգարաններում, դրանց վաճառքը աճուրդներում Արևմուտքի երկրներին թույլ է տալիս Եգիպտոսի պատմության շնորհիվ վաստակ ունենալ և խախտում է մտավոր սեփականության եգիպտական իրավունքները, կարծում է հնագիտության ոլորտի փորձագետ, Եգիպտոսի Հարավային Սինայի հնագիտական համալիրների հնագիտական հետազոտությունների վարչության գլխավոր տնօրեն Աբդել Ռահիմ Ռիհանը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

Ավելի վաղ Christie’s աճուրդն իր պաշտոնական կայքում տեղադրել էր 110 լոտը մասնավոր հավաքածուից, որն առաջարկվելու է վաճառքի հուլիսի 4-ին Լոնդոնում։ Դա հին եգիպտական Ամոն աստծո քարե գլուխն է՝ Թութանհամոն փարավոնի դիմագծերով, բարձրությունը՝ 28,5 սանտիմետր։ Տարիքը՝ ավելի քան երեք հազար տարի։ Նախատեսվում է վաճառել հինգ մլն դոլարով։

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հունիսի 13-ին պաշտոնական հայցադիմում է ներկայացրել Մեծ Բրիտանիային՝ պահանջելով դադարեցնել նմուշի, ինչպես նաև եգիպտական ժառանգություն համարվող 32 առարկաների վաճառքը։ Դատախազությունը նաև մտադիր է նախաձեռնել ապօրինաբար դուրս տարված արտեֆակտների վերադարձի ընթացակարգ։ Եգիպտոսի հնությունների նախարարությունն օրերս հայտարարել է, որ Christie’s աճուրդում վաճառքի հանվող նմուշը Թութանհամոնի պատկերով գողացվել է ոչ թե նրա դամբարանից, այլ, ամենայն հավանականությամբ, դուրս է տարվել Լուքսորի Կառնակայի տաճարից։

Աբդել Ռահիմ Ռիհանը դժգոհել է «անհեթեթ իրավիճակից», որն ամեն անգամ ստեղծվում է, երբ եգիպտական իշխանությունները փորձում են վիճարկել արտասահմանում ապօրինաբար հայտնված արտեֆակտների վաճառքը։

«Հենց որ եգիպտական իշխանությունները հայտնաբերում են հին եգիպտական մի որևէ արտեֆակտ, հուշարձան, որը ներկայացվում է արտասահմանյան սակարկություններում, և փորձում են խանգարել դրա վաճառքին, արտասահմանյան գործընկերները հարցնում են՝ կարո՞ղ է արդյոք Եգիպտոսը ապացուցել դրա ծագումը և այն, որ դա եգիպտական է։ Բայդ եթե արտեֆակտը ձեռք է բերվել և դուրս տարվել Եգիպտոսից ապօրինաբար, դրա մասին ոչ մի թուղթ չկա, ոչ մի տեղ գրանցված չէ, եգիպտական կողմը չի կարող ներկայացնել համոզիչ ապացույցներ, և հուշարձանները հանվում են վաճառքի»,- ասել է փորձագետը։

Գործակալության զրուցակիցն առաջարկում է էական լրացումներ կատարել ինչպես հնագիտական հուշարձանների պաշտպանության մասին եգիպտական օրենքներում, այնպես էլ միջազգային մակարդակով ակտիվացնել ժառանգության պաշտպանությանն ուղղված աշխատանքը։ Նրա կարծիքով՝ նման օրենքները պետք է, առնվազն, արտասահմանյան ցուցադրություններից ապահովեն եկամուտներ հուշարձանների պատկանելության երկրներին, ինչպես նաև խոչընդոտել ապօրինաբար դուրս տարված հնագիտական արժեքների վաճառքին տարբեր աճուրդներում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ