Հնարավոր է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ուրբաթ հայտարարի հրաժարականի մասին։ Այս մասին հայտնում է Times պարբերականը՝ հղում անելով Մեյի կողմնակիցներին:
Չորեքշաբթի երեկոյան բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը հրաժարական էր ներկայացրել։ Պատճառը երկրի վարչապետի հետ Brexit-ի հարցում ունեցած տարաձայնություններն են եղել:
Պարբերականը պնդում է, որ Մեյի կողմնակիցները կարծում են, որ նա հրաժարականի մասին կհայտարարի սըր Գրեմ Բրեյդիի հետ հանդիպումից հետո:
Մեյը հուսալով հասնել Brexit համաձայնագրին պատգամավորների աջակցությանը՝ նախօրեին հանդես էր եկել մի քանի խոստումներով, որոնք նրա տեսակետից կարող էին համոզել փաստաթղթի հակառակորդներին։ Փաստաթուղթը չորրորդ անգամ խորհրդարան կներկայացվի հունիսի սկզբին:
Մեյի հայտարարություններից կարևորը այն խոստումն էր, որ խորհրդարանին հնարավորություն կտա քվեարկել երկրորդ հանրաքվե անցկացնելու և ԵՄ-ի հետ ապագա առևտրային հարաբերությունների սցենարների հարցերով: