Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Մեր Հայրենիքի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ եմ սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու համար առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները:
Դրանց միջանկյալ արդյունքներով հնարավորություն եմ տեսնում, որ կկարողանանք ձևավորել ազգային համաձայնության իշխանություն՝ համատեղելու համար բոլորիս ջանքերը՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու զարգացման և ժողովրդի բարօրության:
Եթե Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման երդմնակալության իմ ելույթում նշել եմ, որ համերաշխության ու համագործակցության ձեռքս միշտ մնալու է մեկնված բոլոր հայրենակիցներիս, ապա հիմա կուզեի ընդգծել, որ այս ճգնաժամային ու վճռորոշ պահին երկու ձեռքերս միշտ մեկնված կլինեն յուրաքանչյուրին, ով պատրաստ և ունակ կլինի գեթ մեկ աղյուս դնելու մեր Հայրենիքի վերակառուցման որմին:
Ուստի, հորդորում եմ բոլոր-բոլորին՝ համախմբվել և միասնական ջանքերով ոչ միայն դուրս գալ այս իրավիճակից, այլ նաև բռնել ճամփան երկարատև զարգացման ու զորացման, որը միակ ճանապարհն է արևի տակ մեր ու գալիք սերունդների արժանապատիվ կյանքն ապահովելու համար:
Ակնկալում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը մի կողմ կդնի իր անձնական ու խմբային ամբիցիաներն ու շահերը և ուս-ուսի կծառայենք նույն ազգային նպատակներին»:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/661889501175093?__cft__%5B0%5D=AZWdFj_HH0IiR3lEOUlzv3BAfngcoPoPoBw1NBrn9m864_4dq2P-EwFnmPFUXkHRq0eeTCmIZnLu56BMA1F5VZdH9Bu5TWcc9SGbROF9lqotMFWm1AfA5cTGViEVk73fx5SVMdJJm6R7AN_ULsaFV8pB&__tn__=%2CO%2CP-R