Հնդկաստանի Օրիսա նահանգում փիղը մեկ գիշերվա ընթացքում ոտնակոխ է արել 5 մարդու։ Այս մասին հայտնում է Hindu-ն։
Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել Սանդհա գյուղում։ Սկզբում կենդանին հարձակվել է երեք հոգուց բաղկացած ընտանիքի վրա, որի անդամներն իրենց տան ծածկապատշգամբում քնած են եղել։ Փղի հարձակման հետևանքով նրանք տեղում մահացել են։ Դրանից հետո փիղն այդ գյուղի մեկ այլ բնակչուհու է ոտնատակ տվել, որը նույնպես մահացել է։
Մեկ ժամ անց Սանդհա գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սանթհապադե գյուղում նույն փիղը սպանել է 5-րդ մարդուն, որի ինքնությունը դեռ հայտնի չէ։
Ինչպես նշվում է, Օրիսա նահանգում փղերի՝ մարդկանց վրա հարձակվելը լուրջ խնդիր է։ Վայրի բնության միության տվյալներով՝ վերջին 9 տարվա ընթացքում փղերի հարձակման հետևանքով 661 մարդ է մահացել։