fbpx
Աշխարհ

Հնդկաստանում ընթանում է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Հնդկաստանում ընթացող համընդհանուր խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում մոտավորապես 160 մլն ընտրողներ ապրիլի 18-ին իրենց ձայնը կտան 11 նահանգներում և միութենական տարածքներից մեկում: Ընտրական տեղամասերը տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով ժամը 05:30-ին) բացվել են Ասամի, Բիհարի, Ջամուի և Քաշմիրի, Արևմտյան Բենգալիայի, Կառնատակայի, Մահարաշտրայի, Մանիփուրի, Օդիշայի, Թամիլնադի. Ութար-Փրադեշի, Չխաթիսգարխի նահանգներում և Փուդուչերի միութենական տարածքում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը, ընտրությունները կընդգրկեն 95 ընտրատարածք, որտեղ պայքար են մղում 1629 թեկնածուներ: Ընդհանուր առմամբ մոտավորապես 900 մլն մարդ կարող է մասնակցել համընդհանուր խորհրդարանական ընտրություններին, որոնք Հնդկաստանում սկսվել են ապրիլի 11-ին:

Այս քվեարկությունը կարող է համաշխարհային պատմության մեջ ամենաընդգրկունը դառնալ ընտրողների թվով: Ընտրությունները նաև կարելի է ամենաերկարը համարել աշխարհում: Դրանք բոլոր 29 նահանգներում և յոթ միութենական տարածքներում անցկացվում են յոթ փուլով։

Ձայների հաշվումը պետք է ավարտվի մինչև մայիսի 23-ը: Հիմնական պայքարը կծավալվի երկու քաղաքական ուժերի՝ կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտիի» (ԲՋՊ), որը գլխավորում է գործող վարչապետ Նարենդրա Մոդին, և«Հնդկաստանի ազգային կոնգրեսի» (ՀԱԿ), որի գլուխ կանգնած է Ռահուլ Գանդին, որը սերում է Հնդկաստանի ամենաազդեցիկ Ներու-Գանդի քաղաքական կլանից, միջև:

Ընտրությունների հիմնական ինտրիգն այն է, թե ԲՋՊ-ն կկարողանա արդյոք կրկնել 2014 թվականի հաջողությունը և արժանանալ ընտրողերի ճնշող մեծամասնության պաշտպանությանը, իսկ Մոդին՝ անընդմեջ երկրորդ ժամկետով զբաղեցնել վարչապետի աթոռը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ