Հոնկոնգում ցուցարարները խափանել են տրանսպորտային հաղորդակցությունը

Երկուշաբթի առավոտյան Հոնկոնգում արտահանձնման մասին օրինագծի հազարավոր հակառակորդներ համաքաղաքային գործադուլով խափանել են տրանսպորտային հաղորդակցությունը: Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները:

Ցուցարարներն արգելափակել են ճանապարհներն ու թունելները, ինչպես նաև խափանել են ռելսային տրանսպորտի և ավտոբուսների երթևեկությունը, որ կառավարությանը հարկադրեն կատարել իրենց պահանջները: Ակցիայի կազմակերպիչները նախատեսում են խոչընդոտել քաղաքի բնակիչներին հասնել բիզնես շրջաններում տեղակայված աշխատավայրեր: Ցույցերն անդրադարձել են նաև Հոնկոնգի միջազգային օդանավակայանի աշխատանքի վրա, որտեղ կգործի միայն մեկ թռիչքավայրէջքային ուղի:

Ակցիայի քննադատները հայտարարում են, որ բիզնեսի բոլոր ոլորտների՝ ռեստորաններից մինչև ավիացիա, աշխատանքի այսպիսի մեծածավալ խափանումը ահռելի վնաս կհասցնի Հոնկոնգի հեղինակությանը, որը հպարտանում է իր կայունությամբ և ծառայությունների համաշխարհային մակարդակով:

Ցուցարարների պահանջները չեն փոխվել. նրանք հանդես են գալիս արտահանձնման մասին օրինագծում փոփոխությունները ամբողջական հետ կանչելու և ցույցերի ժամանակ ոստիկանների գործողությունների քննություն անցկացնելու օգտին:

Հերթական ակցիան է անցկացվում, քանի որ անցած հանգստյան օրերին շրջանում կրկին ցուցարարների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ, որոնք ավարտվել են արցունքաբեր գազի կիրառմամբ ու կալանավորումներով:

Ամենաթարմ