fbpx
Աշխարհ

Հոնկոնգում սկսել են բողոքել ցույցերին դիմակ կրելու արգելքի դեմ

Հոնկոնգի տարբեր շրջաններում հոկտեմբերի 4-ին բողոքի բազմահազարանոց ակցիաներ են ընթանում ցույցերի ընթացքում դիմակների և դեմքը ծածկող այլ առարկաների արգելք սահմանելու՝ իշխանությունների որոշման հայտարարման ֆոնին։

Մի խումբ ակտիվիստներ արդեն հայտարարել են, որ մտադիր են հասնել Գործադիր խորհրդի համապատասխան որոշման դատական վերանայմանը:

Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լեմը հոկտեմբերի 4-ին ավելի վաղ հայտարարել է բողոքի ակցիաների ընթացքում դիմակներ կրելու արգելք սահմանելու որոշման մասին, որն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով կեսգիշերին: Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Լեմը հայտնել է, որ այսօր առավոտյան անցկացվել է Գործադիր խորհրդի հատուկ նիստ, որտեղ որոշում է ընդունվել՝ արգելք սահմանել դեմքը փակող առարկաներ կրելու վրա:

«Մենք հուսով ենք, որ օրենքը զսպիչ ազդեցություն կունենա»,-ընդգծել է նա:

Արգելքը խախտող անձինք կարող են պատժվել մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկմամբ կամ 25 հազար հոնկոնգյան դոլարի (3,2 հազար ԱՄՆ-ի դոլար) չափով տուգանքով: Հոնկոնգում բողոքի ակցիաների մասնակիցները գրեթե միշտ փակում են իրենց դեմքը, որպեսզի իրենց չկարողանան ճանաչել: Այս կամ այն ակցիայի, առավելապես չարտոնված բողոքների մասնակիցներին բացահայտելու համար ոստիկանությունը կիրառում է ներկված ջրով ջրանետներ:

Այժմ ցույցերի և զանգվածային միջոցառումների ընթացքում դիմակներ կրելու արգելք է գործում առնվազն 15 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում և Ֆրանսիայում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ