Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը մարտի 15-ին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա: Նա կոնսուլտացիաներ պետք է վարի Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման հարցի շուրջ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն:
Ուրբաթ օրը Վիեննայում միջուկային գործարքի շուրջ երկխոսության մասնակիցները հայտարարել են բանակցային գործընթացի դադարեցման մասին։ Պատվիրակությունները վերադարձել են իրենց երկրների մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների:
Փետրվարի 8-ին Վիեննայում ընդմիջումից հետո վերսկսվել է բանակցությունների ութերորդ փուլը՝ նպատակ ունենալով վերականգնել միջուկային գործարքն իր սկզբնական տեսքով և ԱՄՆ-ին վերադարձնել այս բազմակողմ համաձայնագրին։ Աշխատանքներն իրականացվում են ինչպես Իրանի և «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) համատեղ հանձնաժողովի շրջանակներում, այնպես էլ ԱՄՆ-ի հետ առանձին խորհրդակցությունների ձևաչափով՝ առանց Թեհրանի մասնակցության, որը դեռ պատրաստ չէ ամերիկյան կողմի հետ ուղիղ երկխոսության։ Բանակցողները ավելի վաղ պայմանավորվել էին արագացնել համաձայնագրի նախագծի վրա աշխատանքի գործընթացը։ Ենթադրվում էր, որ խորհրդակցությունների ութերորդ փուլը կարող է վերջինը լինել։
