fbpx
Իրավական

Հովիկ Աբրահամյանի եղբոր գործը մակագրվել է դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին

ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի գործը մակագրվել է Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու համար:

Մասնավորապես, նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակ անհայտ աղբյուրից «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ Հենրիկ Աբրահամյանը ձեռք է բերել ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, գործարանային արտադրության’ 5.45մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգեր, 5.45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիրներ, 7.62մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7.62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7.62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5.62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված՝ մեկ հատ ատրճանակ:

Ըստ այդմ՝ Հենրիկ Աբրահամյանը, նախնական համաձայնության գալով նույն մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Ամբիկ Գեորգյանի հետ, նշված զենքն ու զինամթերքը պահել է վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում, որ գտնվում է Արարատի մարզի Մխչյան գյուղի 5-րդ փողոցի 1-ին հասցեում:

Նույն գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակում է նաև Ամբիկ Գևորգյանը. նրան ևս մեղադրանք է առաջադրվել համար ապօրինի կերպով մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք պահելու համար:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նշված զենք-զինամթերքը ձեռք բերելուց հետո՝ 2018թ. փետրվար-մարտ ամիսներին՝ քննությամբ չպարզված օրը, Հենրիկ Աբրահամյանն Ամբիկ Գեորգյանի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ Արարատի մարգի Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղի 1/1 հասցեում գտնվող, Հենրիկ Աբրահամյանին պատկանող «Ֆազենդա» կոչվող տարածքում նշված հրազեններն ու ռազմամթերքը փաթեթավորել են, բեռնել Ամբիկ Գեորգյանի «Toyota Land Cruise» մակնիշի 85 VV 555 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որից հետո Ամբիկ Գեորգյանը դրանք տեղափոխել և ապօրինի կերպով պահել է իր անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբոր՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող հիշյալ գործարան:

Նշված իրերը հայտնաբերվել և առգրավվել են 2018թ. օգոստոսի 6-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ