fbpx
Աշխարհ

Հունգարիան կարգելափակի 6.5 միլիարդ եվրոյի տրամադրումն Ուկրաինային

Հունգարիան կարգելափակի Եվրոպայի խաղաղության հիմնադրամից 6,5 միլիարդ եվրոյի հատկացումը Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրում չի ավարտվել խտրականությունը հունգարական բիզնես ընկերությունների նկատմամբ։

Այդ մասին Լյուքսեմբուրգում՝ ԵՄ արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովում ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Այսօր ես հասկանալ տվեցի, որ քանի դեռ ուկրաինական իշխանությունները չեն դադարեցրել հունգարական ընկերությունների նկատմամբ խտրական վերաբերմունքը, խոսք չի կարող լինել 6.5 միլիարդ եվրո հատկացնելու մասին»,- ասել է Սիյարտոն հունգարացի լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով, Ուկրաինայում շարունակվում են Gedeon Richter հունգարական խոշորագույն դեղագործական ընկերության դեմ քրեական հետապնդման փորձերը միայն այն պատճառով, որ այդ ընկերությունը շարունակում է գործել Ռուսաստանում։

Նախարարի խոսքով, ուկրաինացիները ցանկանում են Gedeon Richter-ին զրկել արտոնագրերից և արգելափակել մուտքն ուկրաինական շուկա։

Նախկինում ուկրաինական իշխանությունները «պատերազմի հովանավորների» ցանկում ընդգրկել հունգարական խոշորագույն OTP բանկը, որը նույնպես գործում է Ռուսաստանում։

«Ուստի ակնհայտ է, որ նրանց {հունգարական ընկերությունների} դեմ այդ միջոցների կիրառումը սոսկ քաղաքական գործողություն է, և դա անընդունելի է»,- ասել է Պետեր Սիյարտոն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ