ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական եւ դատավարական գործողություններ՝ Իջեւան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության եւ խուլիգանության դեպքի հանգամանքները, անմիջական մասնակիցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի շրջանակներում ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 22 անձ, եւս 3 անձ ներկայացել է ինքնակամ:
13 անձ ձերբակալվել է՝ անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։
7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
5-անձ քրեական գործի շրջանակում ունի վկայի դատավարական կարգավիճակ:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ եւս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջեւան քաղաքի Երեւանյան ու Իջեւանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը, խուլիգանական դրդումներով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով Իջեւան քաղաքի բնակիչների եւ երթեւեկության մասնակիցների նկատմամբ, բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն, որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի եւ մահակների գործադրմամբ, մարմնական վնասվածքներ են պատճառել հասարակական կարգի ապահովման նպատակով հիշյալ վայրում ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներին եւ չենթարկվելով վերը նշված հանցավոր գործողությունները դադարեցնելու՝ նրանց օրինական պահանջին՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, գործադրել են ինչպես կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ՝ վտանգավոր բռնություն:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը եւ ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։