Խորհրդարան

«Իմ քայլ»-ից ոմանք չքվեարկեցին Սահմանադրական օրենքի նախագծերին, սակայն դրանք ընդունվեցին

Այսօր ԱԺ արտահերթ նիստն Արցախ մեկնած պատգամավորների վերադարձից հետո շարունակվեց, և սահմանադրական երկու օրենքներում փոփոխությունների փաթեթն ընդունվեց՝ երեք խմբակցությունների միասնական կողմ դիրքորոշմամբ:

Հիշեցնենք՝ խոսքը ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի մասին էր:

Այս նախագծերի ընդունման վերջնաժամկետ Սահմանադրական դատարանը սահմանել էր մինչև ապրիլի 1-ը, հակառակ դեպքում, ըստ մասնագետների, կարող էր առաջանալ իրավական վակուում։

Նկատենք, որ այս կարճատև նիստում շարունակվեց ՍԴ դատավորի պաշտոնում «նոր թեկնածու» առաջադրելու մասին դեռ երեկվա նիստում մեկնարկած քննարկումը: Ե՛վ Լուսավոր Հայաստան, և՛ Բարգավաճ Հայաստան խմբակցությունները պնդեցին, որ իրենք կողմ են քվեարկում նախագծին՝ ելնելով այն դիրքորոշումից, որ իրավասու մարմինները ՍԴ դատավորի միևնույն թեկնածուին կարող են առաջադրել մեկ անգամ: Սակայն օրենքների նախագծերի հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանը պնդում էր, որ միևնույն թեկնածուին մի քանի անգամ ներկայացնելու սահմանադրական արգելք չկա:

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ չի քվեարկելու, քանի որ իր համար անորոշ է ստեղծված իրավիճակը:

«Ինձ համար շատ կարևոր է, որ մենք չընդունենք սահմանադրական օրենք, որը կարող է մեր մյուս գործընկերների կողմից այլ կերպ մեկնաբանվել, այլ կերպ շահարկվել», – ասաց Հովակիմյանը:

«Իմ քայլ»-ից օրինագծին չեն քվեարկել նաև Հովհաննես Իգիթյանը, Էդգար Առաքելյանը, Թագուհի Թովմասյանը, Արսեն Ջուլֆալակյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ