Քաղաքականություն

Ի՞նչ ենք մենք ուզում խոշոր խաղացողներից. Գագիկ Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը գրել է.

«Միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է հասցեկան նշել, որ Ադրբեջանն է սանձազերծել այս պատերազմը։ Մնացած բոլոր դեպքերում գործ ենք ունեցել բյուրոկրատական պարտավորություններից բխող դրսեւորումների հետ։
Հիմա կասեք ի՞նչ տվեց Մակրոնի ասածը հայկական կողմին, մեծամասամբ ոչինչ, որովհետեւ հակամարտող կողմերի անվտանգային ընտրությունը Ֆրանսիան չի եղել, եւ հիմա էլ այդ ուղղությամբ որեւէ քայլ չի արվել։

Մի անգամ ասել եմ ու էլի կկրկնեմ. -Ի՞նչ ենք մենք ուզում խոշոր խաղացողներից, պատմակա՞ն արդարություն, կներեք, բայց դա քաղաքական անհասունություն է, որովհետեւ պատմական արդարություն ասվածը խիստ սուբյեկտիվ պնդում է, եւ այդ հռետորաբանությամբ աշխարհի հետ խոսելը երեխայական քմահաճույքի է նման։ Ես էլ կուզենայի իրեդենտիզմի տեսությամբ լուծվեր պատմականորեն մեզ պատկանած բոլոր տարածքների հարցը, բայց ուզենալը մի բան է, ռեալ ու ուժային խաղալը մեկ այլ բան։

Որեմն ո՞րն է այն իրականը, որ կարող ենք աշխարհի հետ հարաբերություններ կառուցելիս խմորենք, դա առաջին հերթին քո եւ մյուս խաղացողի շահերի համադրումն է, այսինքն պետք է հասկանալ, ի՞նչ ես դու տալիս, եւ ի՞նչ ես ուզում ստանալ։ Երկրորդ կարեւոր հանգամանքը այն է, որ անհրաժեշտ է ճանաչել դիմացինին, հասկանալ նրա պոտենցիալը, նոր հետո խաղադրույք անել, սա երկարաժամկետ առումով, բայց նաեւ կա սիտուատիվ բնույթ կրող հարաբերություններ, ինչը դիվանագիտական մանեւրաների դաշտ է, որից երբեք չես կարող խուսափել։

Այս ամենը գրեցի, որ վերջապես դուրս գանք փրկիչներ որոնելու կոմպլեքսներից, եւ հասկանանք, որ մեզ նայում են որպես պետության, իսկ պետություններին կրոնական զգացմունքներով չեն խղճում ու ձեռք մեկնում, այլ փորձում են հասկանալ, ինչ շահեր է հետապնդում տվյալ պետությունը։ Հիմա մենք ցավոք սրտի երկար տարիներ պետական շահեր չգեներացնող միավոր ենք եղել, դրա համար էլ զիջել ենք առանց որեւէ բան ստանալու, կամ փորձել ենք չզիջել, առանց հետեւանքների մասին մտածելու։

Այս ամենը քաղաքական մտքի ու դրա վրա կառուցվող քաղաքական դաշտի բացակայության հետեւանքն է։ Տեսեք այսօր արտաքին կողմնորշումների մասով ինչ է կատարվում՝ հատկապես ռուսական կողմնորշման գործիչների մոտ, նրանց մեծ մասը հանդես են գալիս գործակալական պատկերացումներով, եւ տպավորությունը այնպիսին է, որ առաջին հերթին կարեւորում են օտար երկրի շահերը, նոր սեփական երկրի։ Շատերի մոտ այդ ամենը միտումնավոր բնույթ չի կրում, պարզապես պատմական վախերից եկող դրսեւորումներ են, բայց եկել է ժամանակը հասկանալու,որ չի կարելի նման հռետորաբանությամբ նսեմացնել սեփական երկրի դերն ու նշանակությունը, եւ ինչպես վերեւում նշեցի, ինչքան տվել ես,պետք է նաեւ ձգտես որոշ չափով ստանալ»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/3483430565084657

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ