Ինչու՞ է հրաժարական տվել ԼՂ ԱԺ նախագահը

Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում, հատկապես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման, արդեն յոթ ամսից ավելի ձգվող բլոկադայի հետեւանքով առկա է կառավարման ճգնաժամ, ինչին ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում որոշ պաշտոնանկությունների, հայտարարությունների տեսքով։ Այդ ճգնաժամի ամենաաղմկահարույց դրսեւորումներից էին մասնավորապես ԼՂ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի եւ պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունները։

Այսօր էլ հայտնի դարձավ, որ ԼՂ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն է հրաժարական տվել, ինչի մասին խոսվում էր վերջին մի քանի օրերին։

«Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին։ Մինչեւ վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին»,- մասնավորապես ասված է արդեն նախկին խոսնակի ուղերձում։

Նշենք, որ երեկ ԼՂ ԱԺ-ն ԼՂ նախագահի նախաձեռնությամբ հրավիրվել էր ԱԺ արտահերթ նստաշրջան։ Քննարկած հարցերի օրակարգում էր նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունների իրականացումը, որոնք, ինչպես նշված է ԼՂ ԱԺ պաշտոնական կայքում, «պայմանավորված են Ազգային ժողովի նախագահի ընտրության համար ավելի ճկուն մեխանիզմների ներդրման հետ»:

«Ուզում եմ դիմումով, կոչով, հորդորով, խնդրանքով դիմել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Դուք գիտեք, նաեւ վերջին հանրահավաքի ժամանակ ասել եմ, որ մասնակցել եմ բոլոր այն հանրահավաքներին, որոնց ինձ հրավիրել են: Պարո՛ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, դուք էլ՝ Ազգային ժողովի: Ես մոդել եմ առաջարկել, որը հետեւյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին, այն է՝ պաշտպանության պետական կոմիտեն: Ես երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել՝ Ռուբեն Վարդանյանին եւ Սամվել Բաբայանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեն: Ինչո՞ւ, հարցեր մի տվեք: Պարո՛ն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որեւէ անձի ցավ պատճառեմ: Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո՛ն նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն դա չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց, ես էլ եմ հեռանալու»:

Հարությունյանը, ինչպես հայտնի է, իր վստահության հարցը չշտապեց դնել հանրաքվեի, իսկ Պաշտպանության պետական կոմիտեի փոխարեն ձեւավորվեց նախագահին կից հակաճգնաժամային խորհուրդ։ Կոմիտեի ստեղծման գաղափարի մասին, սակայն, իրենց կարծիքը արտահայտեցին Սամվել Բաբայանը եւ Ռուբեն Վարդանյանը։

Առաջինը, որը հանրահավաք էր հրավիրել ու առաջարկում էր իրեն պետնախարար նշանակել, ասաց՝ սկզբունքորեն դեմ չէ Պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու եւ այդ մարմնում իրեն ընդգրկելու գաղափարին, իսկ երկրորդն այսպես արձագանքեց․ «Մենք հիմա մեր Սահմանադրությունից ոչ մի քայլ չենք կարող շեղվել։ Եթե մեզ թույլ տանք կասկածի տակ առնել, թե ում իշխանությունն է լեգիտիմ, իսկ ումը՝ ոչ, ապա հենց վաղը թշնամին օգուտ կքաղի դրանից։ Ուստի կոչ եմ անում բոլորին՝ պետության ղեկավարին, խորհրդարանի ղեկավարին, կուսակցությունների ու քաղաքական ուժերի առաջնորդներին եւ անգամ ինքս ինձ չտրվել զգացմունքներին եւ չփնտրել որեւէ անսպասելի լուծումներ իրավական դաշտից դուրս։ Իշխանությունն Արցախում մեկ վայրկյանով անգամ չի կարող գետնին ընկնել»։

Խոսակցություններ կային, որ Կոմիտեի ստեղծման գաղափարը, որը, փաստորեն, վիժեցվեց, Թովմասյանի շուրթերով բարձրաձայնել էր հենց ինքը՝ Ս․ Բաբայանը։ Նշենք նաեւ, որ շրջափակումից մեկ ամիս անց՝ ս․թ․ հունվարին, այն ընթացքում, երբ Ռուբեն Վարդանյանը պետնախարար էր, Թովմասյանը ԶԼՄ-ներից մեկի հարցմանն ի պատասխան՝ չէր բացառել ԼՂ-ում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումն ու նշել իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ Նրա այս հայտարարությունը նույնպես բուռն արձագանքի արժանացավ մասնավորապես հենց պետնախարարի կողմից, որը անընդունելի էր համարել ԼՂ-ում առկա իրավիճակում իշխանության փոփոխությունը։

«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել եւս՝ ստեղծված իրավիճակում։ Միեւնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետեւաբար՝ նաեւ խորհրդարանի հնարավոր հրաժարականը»,- գրել էր նա ֆեյսբուքյան իր էջում՝ շեշտելով. «Այս իրավիճակում ադրբեջանական օրակարգը սպասարկելու եւ հանձնվելու իրավունք չկա»:

Ինչպես գիտենք, այս հայտարարությունից շաբաթներ անց Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետնախարարի պաշտոնից։

Ամենաթարմ