Եվրահանգրվան

Ինչո՞ւ է ժամանակակից Ռուսաստանը կախվածության մեջ պահում Հայաստանն ու Արցախը

Բացատրում եմ ժամանակակից Ռուսաստանի համար իմաստը (ի սկզբանե այլ նպատակ է եղել, բայց համանման), թե ինչու է Հայաստանը և Արցախն իրենից կախվածության մեջ պահում:

Դա ոչ մեր սիրուն ու տխուր հայի աչքերի համար է, ոչ թուրքի ինադու, ոչ քրիստոնեական ու համամարդկային արժեքներով պայմանավորված:

Իրենց նպատակը, և միգուցե ոչ միայն իրենց նպատակը, Իրանի գազի և Ադրբեջանի նավթի արագ տեղափոխումը դեպի Եվրոպա արգելելն ու կանխարգելելն է: Ինչու՞: Որ իրենը վաճառի և ճնշման գործիքը բանեցնի ընդդեմ Եվրոպայի: Քանի դեռ ինքն Ադրբեջանի և Իրանի հետ ունի «բարիդրացիական» հարաբերություններ, և մեր գործոնն՝ իր ազդեցության տակ, ապա ոչ նավթը, ոչ գազը մեր տարածքով չի գնալու դեպի ԵՄ: Այդ նույն պատճառն ունի Օսետիայի և Աբխազիայի բռնազավթումը, այդ նույն պատճառն ունի Ղրիմի, Դոմբասի և Լուգանսկի զավթումը, և այդ նույն պատճառն ուներ, երբ կարճ, բայց օկուպացրեց Ուկրաինական այլ տարածքներ ևս: Հիմա նավթագազային իրավիճակը Եվրոպայի համար փոխվել է: Նրանք գնալու են այլընտրանքային էներգիայի պաշարների մեծացման, բայց միևնույն ժամանակ էժան էներգակիրները գերադասելի են:

Խաղը այսպիսի չափերի մեջ է, ոչ թե բնակավայրի կամ մարդու կյանքի կամ պատմական արդարության, որոնք մեր համար մեծ արժեք են, ի տարբերություն այդ խաղը խաղացողների: Մեր արժեքները կամ հակաարժեքները պրոպագանդայի համար են, նաև մեզ այդ պրոպագանդայով սանձելու համար:

Գերտերությունները հեռահար հաշվարկով են առաջնորդվում և խաղում: Բայց երբեմն այդ հաշվարկների վրա անկանխատեսելի ազդող գործոններ ու հանգամանքներ են ի հայտ գալիս, որոնք կամ չեզոքացվում են, կամ օգտագործվում՝ կախված ռազմավարությունից ու մեթոդներից:

Ի տարբերություն շատ վերլուծաբանների և քաղաքական գործիչների, ես չեմ համարում, որ Ռուսաստանի նպատակը աշխարհակարգ փոխելն է, քանզի իրենք լավ են հասկանում, որ դուրս գալով աշխարհակարգից, չի փոխվելու կարգերը: Դա մեծ փոփոխությունների ակնկալիք է ստեծղել մեր հանրույթի նառատիվներում, ինչպես նաև սարսափ, ինչը մերժելի է:

Ավելորդ է ասել, որ մենք ազգային անվտանգության հայեցակարգ ունենք թղթի վրա: Բոլորն, այդ թվում և ՀՀ բոլոր ժամանակների իշխանությունները թքած ունեն այդ ռազմավարության թղթի վրա: Օրինակները շատ են և անցյալում:

Սակայն մեզ ռազմավարություն է անհրաժեշտ, այլ ոչ թե Պուծինի առաջ տասը ծալ ծալվող իշխանություն, ընդդիմություն կամ հանրության թեկուզ որևէ շերտ, որպեսզի պահպանենք ինքնիշխանությունը և հարաբերությունները արևմուտքի, հարևանների ու հենց Ռուսաստանի հետ:

Այսօրվա մոտեցումներով, ես բացառում եմ, որ որևէ խաղաղության պայմանագիր կկնքվի Ալիևի ու Փաշինյանի հանդիպման ընթացքում: Մաքսիմում՝ սկսելու մասին հինգ սկզբունքների տակ ստորագրվեն, որոնք հեղհեղուկ են և որ կողմն ինչպես ուզի՝ կմեկնաբանի: Սա կարծես թե չի արվել Պուծինի ձեռամբ, իբր թե Ալիևն է առաջարկել, բայց ակնհայտ է ձեռագրից, որ դա ռուսական փաստաթուղթ է: Դա այդ քաղաքական կրիմինալի ձեռագիրն է՝ սովետի բազմանշանակ իրավակարգավորումների պես: Ինչու՞ է այդպիսինը: Որպեսզի կոնֆլիկտի առարկա միշտ գտնվի և խաղաղությունը բացառվի:

Նավթի և գազի տեղաշարժն այս տարածքով չպետք է թույլ տան, որ տեղի ունենա: Նույնիսկ Ռուսաստանի Ուկրաինայում ռազմական պարտության պարագայում: Վստահ եմ, որ իրենք թե մեզ, թե ադրբեջանական կողմին կարող են նմանատիպ վնասներ հասցնել, որպեսզի չիրականանա խաղաղությունը և իրենց գերիշխանությունը պահպանվի:

Այսինքն, իմ նախորդ մտքերին փոքր չափով հակասելով՝ ասեմ, որ ոչ թե Արևմուտքը կմտնի տարածաշրջան, թեկուզ Թուրքիայի արյունոտ ձեռքերով, այլ հենց եղբայր ազգին ցեղասպանած Ռուսաստանն իր իշխանությունը հաստատելու համար կավերի: Բայց սա ոչ թե վախենալու բան է, այլ սա ռիսկ է, որից պետք է ապահովագրվենք:

Իրենք Ուկրաինան լայնածավալ չկարողացան գրավել, բայց ամեն կերպ պահելու են Դոնեցկը, Լուգանսկն ու Ղրիմը, որովհետև այդտեղ ռեսուրսներ կան, որ փորձելու են չտալ Եվրոպային: Ինչևէ, դա ժամանակ է տանելու ու իրենց դիմադրողականությունն էլ ավելի է մաշելու, որը որքան աճեցնում է մեր տարածաշրջանում էսկալացիայի ռիսկերը, միևնույն ժամանակ էլ քչացնում է մեր ու ադրբեջանական կողմի բախումների գնալու ցանկությունը:

Ուկրաինական ճգնաժամի արդյունքում պուծինյան իշխանությունը տապալվելու է, որի ընթացքում պետք է զերծ մնալ բախումներից ու հակադրումների, բայց անկման արդյունքում, պետք է ուղղակի, ապավինելով միայն մեր ուժերին, և համագործակցելով արևմուտքի և Ռուսաստանի դեմոկրատական ուժերի հետ, Արցախի ու Հայաստանի տնտեսական, անվտանգության, պաշտպանության երաշխիքներ ձեռք բերել՝ բացելով ռեսուրսների տեղափոխման ճանապարհները դեպի Եվրոպա և օգտվել դրանից:

Նարեկ Այվազյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ