Լրագրող, կոնֆլիկտաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արսեն Խարաթյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Ինչու են ռուսները ֆշշացնում Կանադայի վրա Երևանից:
Հունիսի 29-ին, Իսպանիայում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հայտարարել է.
«Հենվելով ԵՄ-ում Կանադայի հատուկ հանձնակատար, Գերմանիայում Կանադայի դեսպան Ստեֆան Դիոնի` Հայաստանի ժողովրդավարությանը Կանադայի կողմից լրացուցիչ աջակցության վերաբերյալ զեկույցի վրա, որոշում է կայացվել դիվանագիտական առաքելություն բացել եւ դեսպան նշանակել Հայաստանում: Սա թույլ կտա ամրապնդել երկկողմ հարաբերություններն ու ավելացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը:»
Նախարարը շարունակում է.
«Դիվանագիտական ներկայության ընդլայնումը կօգնի Կանադային արձագանքել աճող անվտանգային սպառնալիքներին, աջակցել եվրոպացի դաշնակիցներին քաղաքական եւ տնտեսական համագործակցության տեսանկյունից, շարունակել հակազդել ռուսական ներխուժմանը Ուկրաինայում, ինչպես նաեւ` աջակցել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը:»
Հայտարարությունից 5 օր անց, Հայաստանի Սահմանադրության 27-ամյակի նախօրեին, Մոսկվան որոշում է արձագանքել Կանադայի արտգործնախարարին, ընդ որում` Հայաստանում ՌԴ դեսպանության միջոցով: Ընդգծված ցինիզմով, եթե չասենք սպառնալիքներով լի հայտարարությունը հանրային պարսավանքի առարկա է դարձել ներհայկական տիրույթում, խնդիրը, սակայն նման վարքագծի դրդապատճառներն են:
Այսպես ուրեմն, եթե ռուսները բան ունեն ասելու կանադացիներին, ապա դրա համար կան դիվանագիտական ուղիղ ճանապարհներ:
1. Լավրովը առիթ է գտնում ու տեղը դնում կանադացի իր գործընկերոջը
2. Զախարովան բրիֆինգի ժամանակ անդրադառնում է թեմային
3. Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածում
4. Մոսկվայում Կանադայի դեսպանը կանչվում է ԱԳՆ
5. Ռուսաստանի ԱԳՆ-ն նոտա է ուղարկում Կանադայի ԱԳՆ եւ այլն, եւ այսպես շարունակ…
Վերը նշվածներից որեւէ մեկը կարծես չի արվել: Փոխարենը որոշվել է Հայաստանում ռուսական դեսպանության միջոցով ֆշշացնել. թե բա դուք դեռ չեք հասկանում, թե ուր եք գալիս, խելոք պահեք ձեզ, թե չէ տարածաշրջանում (հասկանալ Սյունիք) հաջորդ պատերազմի պատասխանատվությունը ձեր վրա է լինելու:
Մինչ նախապատրաստվում է Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերի հաշվին ռուս-թուրքական հերթական դավադրությունը, Մոսկվան փորձում է աշխարհին ցույց տալ, թե հետսովետական տարածքի իր ընկալմամբ սատրապություններում ինքը միակ որոշողն է: Այն, որ տարածաշրջանի երկրների ինքնիշխանության վրա Ռուսաստանը թքած ունի` նորություն չէ: Այն, որ անվտանգային սպառնալիքներն այդ երկրի ներկայիս վարչակարգից բացարձակ անկանխատեսելի են առավել քան ակնհայտ է դարձել հատկապես Ուկրաինա նեխուժումից հետո:
Մի բան, սակայն, հաշվարկներ անող մոսկովյան կաբինետներում պետք է պարզ դառնա. մենք` ստոկհոլմյան սինդրոմով ապրող կոլեկտիվ նախիր չենք ու չենք պատրաստվում քանդվող կայսրության փլատակների տակ մնալ: Չե՞ք կարողանում ապահովել ձեր իսկ ստանձնած պարտավորությունները մեր նկատմամբ, փնտրելու եւ գտնելու ենք պատմական այս դժվարին ժամանակաշրջանում առավել վստահելի պարտնյորների: Կսկսե՞ք մեր շահերը հաշվի առնելով շիտակ լինել ու ձեր կայսերական նկրտումներում մեզ չզոհել, կլինի խոսակցության այլ տրամաբանություն ու որակ:
Հայ-կանադական հարաբերություններն ավանդույթ ունեցող կարեւոր տարածք է մեզ համար: Առնվազն 44-օրյա պատերազմի օրերին այդ երկրի վարքագիծը շատ ավելի մոտ էր դաշնակցայինի, քան՝ ձերը, էնպես, որ հեռու մնացեք»: