Հայաստան–Ադրբեջան խախտված ուժային բալանսի պատճառով խաղաղության հասնելու անհնարինության մասին Հայկ Խանումյանը հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում․
Հաճախ առաջ է քաշվում այն մոտեցումը, որ հաղորդակցությունների բացումը, տնտեսական ինտեգրումը և առևտրի աճը կարող են նվազեցնել պատերազմի ռիսկը և ստեղծել երկարաժամկետ խաղաղություն։ Այս մոտեցումը ենթադրում է, որ փոխադարձ տնտեսական շահերը կզսպեն ուժի կիրառումը։
Սակայն Հայաստան–Ադրբեջան հակամարտությունը բնույթով անվտանգային և գոյաբանական է, ոչ թե տնտեսական։ Այդ պայմաններում լիբերալ տրամաբանությունը բախվում է լուրջ սահմանափակումների։
Պետություններն առաջնահերթորեն ձգտում են ապահովել իրենց անվտանգությունն ու ուժային դիրքը։ Ադրբեջանը կարծում է, որ ունի ռազմաքաղաքական առավելություն, և այս պարագայում տնտեսական հաշվարկները երկրորդական են դառնում։ Հնարավոր տնտեսական օգուտների սպասումը չի զսպի պատերազմը, եթե ուժերի հարաբերակցությունը նպաստավոր է հարձակման համար։
Տնտեսական փոխկապակցվածությունը օգտակար է խաղաղության համար, եթե գոյություն ունի ուժերի բալանս։ Բալանսի բացակայության դեպքում այդ համագործակցությունը կարող է վերածվել քաղաքական և անվտանգային ճնշման գործիքի։ Ադրբեջանում սա լավ են հասկանում և փոքր քայլերով փորձում են հասկանալ հայաստանյան հասարակության խոցելիությունը՝ հետագայում ճնշման գործիքներն ավելի թիրախային օգտագործելու համար։
2020թ․-ից հետո Ադրբեջանում տեղի է ունենում ազգայնականության աճ։ Հակամարտությունը Ադրբեջանի ներսում ձևակերպվում է որպես ազգային հաղթանակի և պատմական արդարության հարց։ Առաջ են քաշվում Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիվ նարատիվներ, ինչպես դեմոգրաֆիական ներխուժմամբ Հայաստանի կլանման քաղաքականությունը, որը, մեծ հաշվով իրակականացվում է պետական լուրջ աջակցությամբ։ Նման օրակարգում տնտեսական փոխշահավետությունը հազվադեպ է դառնում զսպիչ գործոն։
Հետևաբար, խաղաղությունը կարող էր աշխատել, եթե գնայինք անվտանգություն – զսպում – վստահություն – տնտեսական ինտեգրում ճանապարհով, այնինչ մեր դեպքում այս բաղադրիչներից միայն վերջինն է առկա (կամ կլինի մոտ ապագայում)։ Խաղաղությունը հնարավոր է միայն ուժերի հավասարակշռության պարագայում, որը կբերի անվտանգություն, կզսպի ագրեսոր հարևանին, որից հետո կառաջանա վստահություն և հնարավոր կլինի երկու թշնամի հարևանններին ներգրավել տնտեսական ինտեգրացիոն ծրագրերի մեջ՝ հանուն տարածաշրջանային բարեկեցության և խաղաղության։

