Իրաքի նախագահի և վարչապետի հրավերով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին եռօրյա պաշտոնական այցով այսօր ժամանել է Իրաք. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Բաղդադ մեկնելուց առաջ նա հույս է հայտնել, որ այցը նպաստելու է բոլոր բնագավառներում երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Անդրադառանալով վերջերս ԱՄՆ նախագահի իրաքյան այցին`Ռոհանին նշել է, որ Իրաքի հետ Իրանի հարաբերությունները համեմատության որևէ եզր չեն կարող ունենալ ԱՄՆ-ի պես օկուպանտ երկրի և Իրաքի հարաբերությունների հետ:
Եռօրյա այցի ընթացքում Ռոհանին հանդիպելու է Իրաքի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի և պատգամավորների հետ: Քննարկվելու են ամենատարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունները, դրանց ամրապնդման և ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ կկատարվի համատեղ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային խնդիրներին: Նախատեսված է նաև հանդիպում շիա աշխարհի բարձրագույն հոգևոր առաջնորդներից մեկի՝ այաթոլլահ Սեյեդ Ալի Սիսթանիի հետ: