ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը եւ նրան ուղեկցող հարվածային խումբը տեղափոխվում են Մերձավոր Արեւելքի պատասխանատվության գոտի՝ Կենտրոնական հրամանատարության վերահսկողության տակ, մոտենալով Իրանին։ Սա Մերձավոր Արեւելքում վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ կողմից իրականացվող ռազմական վերադասավորումների կարեւոր հանգրվանն է։ Վաշինգտոնը գործնականում ավարտում է այն ենթակառուցվածքային եւ օպերատիվ նախապատրաստությունը, որը թույլ է տալիս ցանկացած պահի անցնել ուժի կիրառման տարբեր սցենարների՝ սկսած ճնշման ցուցադրումից մինչեւ ուղղակի հարվածներ։ Միեւնույն ժամանակ այս քայլը նաեւ քաղաքական ազդակ է՝ ուղղված թե՛ Թեհրանին, թե՛ տարածաշրջանի մյուս դերակատարներին, որ ԱՄՆ-ը պատրաստ է ոչ միայն դիվանագիտական լեզվով խոսել, այլ նաեւ ուժի գործոնն արագ դարձնել իրականություն։
Այս իրավիճակը փոխում է ամբողջ տարածաշրջանի ռազմական ու քաղաքական հավասարակշռությունը։ Իրանի շուրջ լարվածության սրացումը ինքնաբերաբար դուրս է գալիս մեկ երկրի սահմաններից եւ սկսում է աշխատել որպես շղթայական մեխանիզմ։ Թեհրանը հազիվ թե սահմանափակվի միայն սեփական օդային պաշտպանությամբ կամ հրթիռային հակահարվածներով։ Իրանը տասնամյակներ շարունակ կառուցել է ազդեցության մի հսկա ցանց՝ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում եւ Պարսից ծոցի ավազանում, եւ լայնամասշտաբ ճնշման դեպքում կփորձի այդ ցանցը դարձնել պատասխան հարվածների հիմնական գործիք։ Սա նշանակում է, որ ցանկացած ամերիկյան ռազմական գործողություն Իրանի ուղղությամբ գրեթե անխուսափելիորեն ակտիվացնելու է երկրորդային ճակատները, որտեղ բախումները կարող են սկսվել առանց պաշտոնական պատերազմի հայտարարության։
Այդ համատեքստում Սիրիան կրկին վերածվում է ամենախոցելի տարածքներից մեկի։ Այստեղ խաչվում են ԱՄՆ-ի, Իրանի, Թուրքիայի, Իսրայելի շահերը, իսկ ուժային հավասարակշռությունը չափազանց փխրուն է։ Ամերիկյան ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում, որը ուղղակիորեն կապված է քրդական կառույցների անվտանգության հետ, կարող է դառնալ այն կետը, որտեղ Իրանի հետ հակամարտությունը կստանա իր առաջին տեղային արտահայտությունները։ Բազաների, լոգիստիկ հանգույցների եւ խորհրդատվական կենտրոնների դեմ հարվածները Թեհրանի համար առավել «անվտանգ» ճանապարհ են՝ Վաշինգտոնին ցավ պատճառելու, առանց անմիջապես անցնելու բաց պատերազմական բախման։
Այս բոլոր զարգացումների մեջ ամենաթույլ օղակը դառնում են հենց քրդերը։ Նրանք փաստացի գտնվում են մի քանի ճնշման խաչմերուկում։ Մի կողմից՝ ԱՄՆ-ի ռազմավարական ուշադրությունը կարող է շեղվել դեպի Իրանի ուղղությամբ հիմնական ճակատը, ինչի հետեւանքով Սիրիայի հյուսիս-արեւելքում անվտանգության հովանոցը զգալիորեն կթուլանա։ Մյուս կողմից՝ Թուրքիան կարող է օգտվել այդ իրավիճակից՝ ակտիվացնելով իր ռազմական եւ քաղաքական գործողությունները քրդական տարածքների նկատմամբ։ Քրդական գործոնը այս պայմաններում վերածվում է ոչ թե ինքնուրույն քաղաքական սուբյեկտի, այլ մեծ խաղացողների միջեւ եղած մրցակցության զոհի։ Կդիմանան քրդերը նման ճնշմանը՝ հարց է։ Եթե ռազմական գործողությունների զարգացման այս տրամաբանությունը շարունակվի, Մերձավոր Արեւելքը կարող է կրկին մտնել բազմաճակատ անկայունության փուլ, որտեղ նույնիսկ տեղային միջադեպերը կարող են վերածվել լայն տարածաշրջանային ճգնաժամի։
Դրանից հետո խնդիրն այլեւս միայն Իրանի կամ միայն Սիրիայի հարցը չէ մնալու։ Խոսքը Մերձավոր Արեւելքում ուժային հավասարակշռության խախտման մասին է, որի հետեւանքները տարածվելու են ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հարավային Կովկասի վրա։ Առնվազն փախստականների մեծ հոսքերը անհանգստացնելու են ինչպես Ադրբեջանին, այնպես էլ՝ Հայաստանին։ Պատմական հայկական Արցախի տարածքը կարող է դառնալ ազերի, քուրդ եւ այլ ազգության փախստականների ռեզերվացիայի տարածք՝ փոխշահավետ գործարքի մղելով Բաքվին արտաքին խոշոր դերակատարների հետ։ Հնարավոր են նաեւ առավել ռադիկալ սցենարներ։
Այսօր այդ ամենի դեմ ինչ ունի նախապատրաստած Հայաստանի Հանրապետությունը՝ մնում է անհայտ։ Միգուցե անհայտ է, քանի որ ոչինչ չկա, անգամ՝ կանխազգացում ու մտածմունք։
Իսկ իրականում տարածաշրջանային հավասարակշռության փլուզման առաջին իրական գինը, ինչպես հաճախ է եղել պատմության մեջ, վճարում են ոչ թե մեծ ռազմածովային ուժերը կամ պատերազմող կոնվենցիոնալ բանակները, այլ այն հանրություններն ու խմբերը, որոնք հայտնվում են մեծ հակամարտությունների խաչմերուկում՝ առանց բավարար քաղաքական եւ ռազմական պաշտպանական ռեսուրսների ու գիտակցության։

