Իրանում հայտնել են, որ թշնամի ուժերը պետք է հեռանան Պարսից ծոցից

Թշնամական ուժերը պետք է հնարավորինս շուտ հեռանան Պարսից ծոցի տարածաշրջանից: Այս մասին հայտնել է իրանական բանակի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին:

«Թշնամիները պետք է հնարավորինս արագ հեռանան այդ տարածաշրջանից, այլապես նրանք ստիպված կլինեն նվաստացուցիչ կերպով նահանջել»,-ասել է Խանզադին՝ հավելելով, որ տարածաշրջանում թշնամիներն են՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Իսրայելը: Խանզադի խոսքը մեջբերում Է ISNA գործակալությունը:

Իրանցի հրամանատարի խոսքով՝ երկերեսանիության և կեղծ բարեպաշտության ժամանակը Պարսից ծոցում և Օմանի նեղուցում անցել է:

«Այսօր տարածաշրջանի երկրները, ինչպես երբևէ, գիտակցում են իրենց շահերը»,- հավելել է նա:

Իրադրությունը Պարսից ծոցի տարածաշրջանում սրվել է այն բանից հետո, երբ հունիսի 13-ին Օմանի նեղուցում երկու լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից հետո տեղի ունեցան պայթյուններ և հրդեհներ: ԱՄՆ-ը միջադեպի պատասխանատվությունը դրեց Իրանի վրա, նրան պաշտպանեցին Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան: Թեհրանն այդ մեղադրանքները չի ընդունել: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հունիսի վերջին հայտարարել է, որ Վաշինգտոնը կոալիցիա է ստեղծում Պարսից ծոցի գոտում նավագնացության ազատությունն ապահովելու նպատակով:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին պետքարտուղար Մայքլ Փոմպեոն առաջարկել է կոալիցիայում ներգրավել տարբեր տարածաշրջանների պետությունների: Նախաձեռնությունը պաշտպանել է Մեծ Բրիտանիան: Օգոստոսի 6-ին կոալիցիային մասնակցելու իր պատրաստակամությունը հաստատել է Իսրայելը:

Ամենաթարմ