Իրանը հերքել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի օրերս արած հայտարարությունը, թե Անկարան և Թեհրանը մի քանի օր առաջ համատեղ ռազմական գործողություն են իրականացրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ։
Իրանական լրատվական գործակալության հետ զրույցում իրանցի մի պաշտոնյա, ում անունը չի հրապարակվել, մասնավորապես ասել է.
«Թուրքիայի բանակը PKK-ի դեմ ռազմական գործողություն իրականացրել է, սակայն Իրանի բանակն այդ օպերացիային մասնակցություն չի ունեցել»։
Մինչդեռ թուրք նախարարը մարտի 18-ին հայտարարել էր. «Այսօր վաղ առավոտյան սահմանային գոտում Իրանի հետ համատեղ օպերացիա ենք սկսել PKK-ի դեմ: Արդյունքների մասին դեռ կհայտնենք»:
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջինիս դեմ պայքարը ընթանում է թե՛ Թուրքիայի սահմաններում, թե՛ դրանից դուրս։