Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նամակ է հղել Եվրամիության արտաքին հաաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գծով պարտավորությունների կրճատման երրորդ փուլն սկսելու մասին։ Այս մասին, ինչպես փոխանցում է IRNA-ն, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։
«Արտաքին գործերի նախարարն այսօր նամակ է ուղարկել տիկին Մոգերինիին։ Դրանում ասվում է, որ Թեհրանն այսօրվանից դադարեցնում է ԳՀՀԾ-ի շրջանակում իր բոլոր պարտավորությունների կատարումը, որոնք վերաբերում են միջուկային ոլորտի հետազոտություններին և մշակումներին»,- ասվում է Մուսավիի հայտարարությունում։
Նրա խոսքով՝ ԳՀՀԾ-ից ԱՄՆ դուրս գալու հետևանքները, պատժամիջոցների վերականգնումը, ինչպես նաև եվրոպական երկրների (Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) անկարողությունը՝ կատարելու իրենց պարտավորությունները, դարձել են միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման երրորդ փուլին անցնելու հիմնական պատճառները։
«Նամակում ընդգծվում է Իրանի պատրաստակամությունը՝ բանակցություններ վարել միջուկային գործարքի մյուս անդամների հետ բոլոր ուղղություններով»,-նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել էր, որ Թեհրանը սեպտեմբերի 6-ին սկսելու է ԳՀՀԾ շրջանակում պարտավորությունների կրճատման երրորդ փուլը, քանի որ ցանկալի արդյունքներ ձեռք չեն բերվել։ Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ Թեհրանը պատրաստ է վերադառնալ իր միջուկային պարտավորությունների կատարմանը, եթե գործարքի մյուս մասնակիցները կատարեն իրենց պարտավորությունները։