Երեկ Պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց նախագծին, շատ զարմանալի էր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա հիշեցրեց, որ նախագիծն այն մասին էր, որ ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոններում կարող էին նշանակել նաև համակարգից դուրս մարդիկ:
«Առաջին ընթերցմամբ խորհրդարանում դրական արձագանքի էր արժանացել նախագիծը, չնայած կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել, երեկ Պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց նախագծին, շատ զարմանալի էր: Նաև առաջարկներ կային, որ տեղակալների պաշտոնները նույնպես հնարավոր լինի համակարգից դուրս մարդկանց նշանակել։ Առաջարկ եղավ նաև, որ ԱԱԾ-ի հետախուզության գծով տեղակալը միայն զինվորական լինի, և այս առաջարկությունները մեզ համար ընդունելի էին»,-նշեց նա:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իրենք առաջարկում էին նաև, որ խմբակցություններին իրավունք վերապահվի խմբակցության գրության հիման վրա ԱԱԾ ղեկավարին և ոստիկանապետին հրավիրել խմբակցություն և հնարավորություն ունենան հարցեր ուղղելու։ Նրա խոսքով՝ այդ առաջարկությունը մերժվել էր, իսկ նախագիծը կարող էր ընդունվել, բայց այն ևս մերժվեց:
«Այսինքն՝ ի սկզբանե տրամադրվածություն կար նախագիծը մերժելու: Կրկնում եմ՝ ինձ համար զարմանալի էր, որ խորհրդարանում այսքան դրական արձագանք է ստացել, ԱԺ նախագահը դրական ելույթ է ունեցել այս նախագծի վերաբերյալ, քաղաքական մեծամասնությունը կողմ է, բայց ունենք այն, ինչ ունենք»,-հայտարարեց նա:
Մարուքյանը հիշեցրեց, որ իրենք ներկայացրել էին կառավարության այլընտրանքային նախագիծը, որտեղ ասվում էր, որ ներքին գործերի նախարարություն լինի, ԱԱԾ-ն նախարարություն լինի, իսկ ներքին գործերի նախարարության մեջ ներառվի ԱԻՆ-ը:
«Այդ ժամանակ մերժվեց մեր նախագիծը, բայց ասվեց՝ դուք ճիշտ եք, այս մարմինների ղեկավարները չեն ներկայանում խորհրդարան, մենք ուրիշ օրենք կընդունենք, որ ներկայանան: Սա ուրիշ օրենքն է, ու այս ուրիշ օրենքին մեր հարգարժան գործընկերները ևս դեմ քվեարկեցին երեկ»,-ասաց Մարուքյանը: