fbpx
Քաղաքականություն

Դիմում ենք Իսպանիայի Կոնգրեսին և Սենատին՝ համախմբման կոչ անել բոլոր ժողովրդավարներին. ԱՀ ԱԳՆ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դիմում է Իսպանիայի Կոնգրեսին և Սենատին՝ որպես ժողովրդավար և միջազգային հանրության շրջանակներում կարևոր կշիռ ունեցող կառույցների, համախմբման կոչ անել բոլոր ժողովրդավարներին, մարդու իրավունքների պաշտպաններին մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար:

«Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Արցախի և Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել:
«2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, պատերազմ են սկսել Արցախի Հանրապետության դեմ:

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումն ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի, ինչպես նաև զինված հակամարտությունների ընթացքում կիրառվող օրենքների կոպիտ խախտմամբ: Մասնավորապես, թուրք-ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ հրետակոծում են Արցախի քաղաքները, գյուղերը և քաղաքացիական օբյեկտները՝ քաղաքացիական բնակչությանն ահաբեկելու և ավերածություններ պատճառելու նպատակով: Այդ հրետակոծությունների ընթացքում խաղաղ բնակչության շարքերում վիրավորվել են նաև բազմաթիվ լրագրողներ:
Հայաստանի Հանրապետության պաշտոնական աղբյուրներից ստացված լուսանկարներում տեսնում ենք, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի

«Գյանջա» օդանավակայանում տեղակայված՝ Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Սա Թուրքիայի միջամտության վառ օրինակ է:
Ադրբեջանական ուժերն օգտագործում են կասետային զինամթերք և տարբեր տրամաչափերի այլ զենքեր, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է: Արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության՝ անհապաղ հրադադար հաստատելու մասին մշտական կոչերը և փորձելով ուժի կիրառման միջոցով հասնել հակամարտության կարգավորմանը՝

Ադրբեջանն ու Թուրքիան մինչ օրս շարունակում են համատեղ լայնածավալ ռազմական գործողությունները:
Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ նպատակ ունենալով ապահովել Արցախի քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքը: Ներկայիս իրավիճակում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման միակ օպերատիվ մեխանիզմն է:

Այդ պատճառով դիմում ենք Իսպանիայի Կոնգրեսին և Սենատին՝ որպես ժողովրդավար և միջազգային հանրության շրջանակներում կարևոր կշիռ ունեցող կառույցների, համախմբման կոչ անել բոլոր ժողովրդավարներին, մարդու իրավունքների պաշտպաններին՝ մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար:

Խստորեն դատապարտում ենք Արցախի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան, հատկապես Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությունները, ինչպես նաև Թուրքիայի միջամտությունն ու սիրիացի և լիբիացի վարձկանների մասնակցությունը, մի փաստ, որն արդեն հաստատվել է Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից: Կոչ ենք անում նաև պահանջել Ադրբեջանից հարգել մարդու իրավունքներն ու միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները, վերջ տալ ագրեսիային և վերականգնել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»։

https://www.facebook.com/mfankr/posts/3485588471498355

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ