Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցող մասսայական ցույցերի պատճառով Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը, որը նշանակված է հոկտեմբերի 26-ին, կարող է հետաձգվել:
Նախապես որոշված օրը հանդիպման անցկացման մասին խոսել է Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան:
Նա երաշխավորել է, որ Իսպանիայի կառավարությունը կարող է ստեղծել բոլոր պայմանները հանդիպման՝ առանց միջադեպերի անցկացման համար:
«Մենք չենք խնդրել, որ հանդիպման օրը հետաձգեն: Մենք ունենք անհրաժեշտ միջոցներ և մենք հաստատ կարող ենք պատշաճ կերպով կազմակերպել անվտանգությունը այդ հանդիպման համար: Եթե ի վերջո որոշվի, որ հանդիպումը անցկացվելու է հոկտեմբերի 26-ին, մենք ամեն ինչ կանենք անվտանգությունն ապահովելու համար»,-Գրանդե-Մարլասկայի խոսքերն է փոխանցել Marca-ն:
Ավելի վաղ RAC1-ը տեղեկություն էր տարածել, որ Իսպանիայի կառավարությունը նույնպես կողմ է հանդիպման հետաձգմանը: