Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար, Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցության (ԻՍԱԿ) գլխավոր քարտուղար Պեդրո Սանչեսը և ձախ «Պոդեմոս» կուսակցության ղեկավար Պաբլո Իգլեսիասը կոալիցիոն կառավարության ձևավորման մասին նախնական համաձայնագիր են ստորագրել երեքշաբթի օրը։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Սանչեսի խոսքով՝ իսպանացիները ընտրություններում արտահայտվել են, և իրենք պետք է հաղթահարեն քաղաքական փակուղու իրավիճակը
«Քաղաքական նախագիծն այնքան գրավիչ է, որ հետևում է թողնում ցանկացած տարաձայնություն, որ մեր միջև եղել է։ Սա չորս տարով համաձայնագիր է։ Նոր կառավարության հիմքում կլինի հուսալիություն և համագործակցություն»,-ասել է նա։
Նա դեռևս չի հրապարակել համաձայնագրի մանրամասները։ Տեղի ԶԼՄ-ների վարկածով պայմանավորվածությունները կարող են ենթադրել, որ Իգլեսիասը նոր կաբինետում կստանա փոխվարչապետի պաշտոնը։
Ստորագրված փաստաթուղթը կազմված է 10 կետից։ Ըստ դրանցից մեկի՝ Իսպանիայի կառավարության առաջնահերթություններից կդառնա «Կատալոնիայում համակեցության երաշխիքը և քաղաքական կյանքի կարգավորումը տարածաշրջանում»։
Նոյեմբերի 10-ին Իսպանիայում տեղի էին ունեցել չորս տարվա մեջ չորրորդ համընդհանուր ընտրությունները։ Դրանց արդյունքներով հաղթել էր ԻՍԱԿ-ը, սակայն կուսակցությունը կոնգրեսում բացարձակ մեծամասնություն չէր ստացել, որպեսզի անխոչընդոտ կառավարություն ձևավորեր։