fbpx
Աշխարհ

Իսրայելն ու Հեզբոլահը միմյանց են մեղադրում Լիբանանի սահմանին իրադրության լարվածության համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Գոլանի բարձունքների Մաջդալ Շամս քաղաք, որտեղ հրթիռակոծության հետևանքով զոհվել է 12 երեխա: Ըստ սիրիական լրատավամիջոցների՝ Նեթանյահուին բնակիչները թույլ չեն տվել քաղաք մտնել:

Իսրայելի վարչապետը խոստացել է անպատասխան չթողնել քաղաքի մարզադաշտի հրթիռակոծությունը: «Այն կլինի արագ և ցավոտ»,- ասել է նա: Երկրի պաշտպանության նախարարը նույնպես սպառնացել է «Հեզբոլահին»՝ զգուշացնելով՝ խմբավորումը ծանր գին կվճարի իր գործողությունների համար:
Իսրայելը Գոլանի վրա հարձակման համար մեղադրել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը: «Հեզբոլլահից» հերքել են մասնակցությունը հրթիռակոծությանը:

Ըստ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ բոլոր նշանները ցույց են տալիս, որ մարզադաշտում ընկած հրթիռն արձակել է «Հեզբոլլահը»: ԱՄՆ պետքարտուղարը, սակայն, նշել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում հակամարտության հետագա սրացում:
Լարվածության ֆոնին այսօր չեղարկվել կամ հետաձգվել են թռիչքները Բեյրութի օդանավակայան և հակառակ ուղղությամբ: Ֆրանսիական, գերմանական, հունական, թուրքական խոշոր ավիաընկերությունները հայտարարել են թռիչքների չեղարկման մասին:

Լիբանանի արտգործնախարար Աբդալլա Բու Հաբիբը հայտարարել է, որ իր երկիրը պատերազմ չի ուզում: «Մենք կարծում ենք, որ մի փոքր էսկալացիա կլինի, բայց ոչ այդքան մեծ։ Իսկ եթե նրանք գնան Լիբանանի դեմ, դա մեծ պատերազմ է լինելու: Նրանք դա գիտեն, և ես չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է դա»,- հայտարարել է Հաբիբը:

Լիբանանի վարչապետն էլ հաստատել է երկրի կառավարության դիրքորոշումը, ըստ որի՝ դատապարտում են խաղաղ բնակչության նկատմամբ բռնության բոլոր ձևերը, իսկ էսկալացիան և արյունահեղությունը կանխելու միակ հնարավոր լուծումը համարում են «կայուն հրադադարը բոլոր ճակատներում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ