Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ իրեն մեղադրանք առաջադրելուց հետո:
Իսրայելական կառավարության ղեկավարի դեմ քրեական գործ հարուցելու մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի գլխավոր դատախազը: Իսրայելի առաջնորդին կասկածում են կաշառակերության, մեքենայությունների, հանրային վստահության չարաշահման մեջ։ Նրան սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում: Սա Իսրայելի պատմության ընթացքում առաջին դեպքն է, երբ գործող վարչապետին մեղադրանք է առաջադրվում:
Նեթանյահուն տեղի ունեցածը անվանել է իրեն պաշտոնանկ անելու փորձ:
«Մենք այսօր ականատեսն ենք պետական հեղաշրջման փորձի, որն ուղղված է գործող վարչապետի դեմ: Մեղադրանքները մտացածին են, դրանք ի հայտ են եկել կողմնակալ քննության արդյունքում: Ես թույլ չեմ տա, որ սուտը հաղթանակ: Կշարունակեմ ղեկավարել երկիրը օրենքին համապատասխան, ամենայն պատասխանատվությամբ և նվիրվածությամբ, մեր ընդհանուր ապագայի և անվտանգության մասին հոգատարությամբ»-հայտարարել է Նեթանյահուն:
Նրա գլխավոր ընդդիմախոս Բենի Գանցը հայտարարել է, որ մեղադրանքի առաջադրումը ոչ թե հեղաշրջման փորձ է, այլ հետևանքն է այն բանի, որ կառավարության ղեկավարը շարունակում է կառչած մնալ իշխանությունից: Գանցի գլխավորած ընդդիմադիր ուժը պնդում է, որ երկիրը չի ցանկանում կոռուպցիայի մեջ մեղադրվող վարչապետ ունենալ:
«Կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մեջ մեղադրվող վարչապետը բարոյական և սոցիալական իրավունք չունի իսրայելական պետության անունից որոշումներ ընդունելու»,-նշվում է ընդդիմադիր կուսակցության հայտարարությունում:
Օրենքի համաձայն՝ մեղադրանքի առաջադրումը Իսրայելի վարչապետին չի պարտավորեցնում հրաժարական տալ: Սակայն դատական գործընթացի մեկնարկը կարող է ձեռնտու լինել նրա քաղաքական հակառակորդներին, որոնք փորձում են հասնել Նեթանյահուի հեռացմանը: Այս տարվա ապրիլից երկրում երկու անգամ տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և չի բացառվում, որ առաջիկայում հայտարարվի նոր՝ այս տարվա ընթացքում արդեն երրորդ քվեարկության մասին:
Նեթանյահուին առաջադրված մեղադրանքները վերաբերում են երեք դրվագների: Ըստ առաջին երկուսի՝ վարչապետը գործարք է կնքել գործարարների և հրատարակիչների հետ՝ մամուլում իր գործունեությունը բարենպաստ ձևով լուսաբանելու դիմաց: Երրորդ գործի համաձայն՝ Իսրայելի կառավարության ղեկավարը թանկարժեք նվերներ է ստացել ամերիկացի գործարարներից:
Նեթանյահուն կտրականապես հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ անմեղ է:
Իսրայելի խորհրդարանն այժմ պետք է քննարկի Նեթանյահուի անձեռնմխելիությունը չեղարկելու հարցը: