Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը, որը կգործի մինչև 2025 թվականի մարտի 11-ը։ Ցուցահանդեսը ներկայացնում է 19-րդ դարի 80-ական թվականներին հայտնի ֆրանսիացի հնագետ Ժակ դը Մորգանի պեղած արժեքավոր նմուշները՝ Ախթալայի շրջանից։
Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվում են Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանում պահվող հնագիտական ժառանգության հինգ եզակի նմուշներ, որոնք համադրվել են Ժակ դը Մորգանի հետքերով հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերի հայտնաբերած ավելի քան վեց տասնյակ նմուշների հետ։ Այս ցուցանմուշներից մի մասը ցուցադրվում է հանրությանը առաջին անգամ։
Բացման միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դը Կոտինյին, Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն Ռոզ-Մարի Մուսսոնը, ինչպես նաև արվեստասեր հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսի կազմակերպումը հնարավոր է դարձել ՀՀ ԿԳՄՍ և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունների աջակցությամբ, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի համագործակցության շնորհիվ։ Նախաձեռնության աջակցությունը ցուցաբերել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։
Շնորհավորելով ցուցադրության բացման կապակցությամբ՝ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշեց միջազգային համագործակցության կարևորությունը թանգարանային ոլորտում և ընդգծեց Ֆրանսիայի հետ ընդլայնվող կապերը, որոնք ապագայում նոր ու հետաքրքիր նախագծերի հիմք կհանդիսանան։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը հայտարարեց, որ ֆրանսիական կողմի հետ համագործակցությունը շարունակական է լինելու։ Նա նշեց նաև Լուվրի թանգարանի հետ ստորագրված համագործակցության հուշագրի մասին՝ հայտնելով, որ հաջորդ տարի նախատեսվում են համատեղ ցուցադրություններ։