fbpx
Հասարակություն

Ժամանակն է հրաժեշտ տալու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին. Տաթևիկ Ռևազյան

Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Ես երախտապարտ եմ այս հնարավորության համար, որն ինձ ընձեռվեց՝ գրեթե 4՝ փորձություններով և հաջողություններով լի տարիներ ծառայելու ավիացիայի ոլորտին և մեր ժողովրդին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Տաթևիկ Ռևազյանը:

«Ես հպարտ եմ այն արդյունքներով, որոնց մեր թիմը հասավ, հատկապես՝ մեր երկնքի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերով: Առաջիկայում հստակորեն տեսանելի կլինեն նաև անվտանգության բարելավմանն ուղղված քայլերի արդյունքները:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս ընթացքում անցավ և անցնում է շատ լուրջ բարեփոխումների և արդիականացման գործընթացներով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ավիացիոն իշխանություններն այժմ ճիշտ ուղու վրա են՝ միջազգային բարձր որակի ստանդարտներին հասնելու առումով: Սա հաշվի առնելով՝ վստահ եմ, որ շուտով ևս ականատեսը կլինենք լավ լուրերի:

Երբ 2018 թվականին ես միացա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, գլխավոր նպատակս էր Հայաստանը դարձնել ներդրողների համար գրավիչ ուղղության: Քովիդ 19-ի ի հայտ չգալու պարագայում ուղևորահոսքերի ակնկալվող աճի տեմպերը ՀՀ-ն կդասեին աշխարհում աճի ամենաբարձր ցուցանիշներն ունեցող երկրների ցանկում։

Միևնույն ժամանակ ես ցանկանում էի, որպեսզի Հայաստանը ունենա մրցունակ և անվտանգ ազգային փոխադրող, և «Ֆլայ Արնայի» մեկնարկի հայտարարությունը կարևոր քայլ էր այդ իմաստով: «Էյր Արաբիա գրուպի» կողմից իրականացված ներդրումը մեզ բերեց աշխարհի ամենաանվտանգ և ամենամրցունակ ավիաընկերություններից մեկի knowhow-ն:

Այսպիսով, ես հասա այն նպատակներին, որոնք դրել էի իմ առջև 2018 թվականին, բայց, ինչևիցե, այսուհետ ևս ես պատրաստ եմ ամեն կերպ աջակցելու հայկական ավիացիայի լուսավոր ապագային հասնելու գործին:

Կուզենայի նաև նշել ևս մեկ կարևոր հանգամանքի մասին։ Լինելով քաղաքականությունից հեռու մարդ և, հետևաբար, կաշկանդված չլինելով որևէ քաղաքական գործընթացով, ես միշտ ընդգծել եմ ազատ, անկախ և պրոֆեսիոնալ գործարար կին լինելու կարևորությունը և որոշել եմ շուտով կրկին վերադառնալ բիզնեսի աշխարհ:

Իմ՝ Կոմիտեի ղեկավար լինելու ընթացքում կյանքն ինձ օրհնեց երկու երեխայով, բայց ես անդադար աշխատում էի, և բոլոր կանանց, ովքեր ունեն հատկապես ղեկավար պաշտոններ, խորհուրդ եմ տալիս, որ իրենց կարիերան չզոհաբերեն նմանատիպ իրավիճակներում, քանի որ մայրությունը և առաջնորդությունը խորապես փոխկապակցված են:

Այսպիսով, սրանք իմ կյանքի ամենադժվարին տարիներն էին, բայց և ամենաիմաստալիցները: Ես երախտապարտ եմ և գնահատում եմ այս հնարավորությունը, որն ինձ ընձեռվել էր՝ իմ ներդրումն ունենալու մեր սիրելի ոլորտի զարգացման գործում:

Ես կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել իմ գործընկերներին, իմ թիմին այն նվիրվածության և սիրո համար, որ նրանք տածում են ավիացիայի հանդեպ:

Հարգելի ընկերներ, ինչպես միշտ, այժմ ևս, ենթադրում եմ, կլինեն իմ հրաժարականի պատճառների հետ կապված՝ հոլիվուդյան մոտիվներով համեմված կեղծ լուրեր և բամբասանքներ։ Ես աշխատանքից դուրս եմ գալիս դրական էմոցիաներով և ոչ ոքի հետ չունեմ միջանձնային որևէ տարաձայնություն։ Խնդրում եմ թեթև տանեք և չհավատաք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ