Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայչիի հայտարարությունը Թայվանի վերաբերյալ հանգեցրել է Չինաստանի կտրուկ արձագանքին։ Պաշտոնական Պեկինը պահանջել է, որ Տակայչին հետ կանչի իր հայտարարությունը, որը ենթադրում էր ռազմական աջակցություն Թայվանին՝ Չինաստանի սպառնալիքի դեպքում։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը նշել է, որ նման հայտարարությունները վնասում են երկու երկրների ռազմավարական հարաբերություններին և պահանջել է, որ Ճապոնիան հետևի քաղաքական պարտավորություններին ու չխախտի ստորագրված փաստաթղթերի ոգին։
Վերջին օրերին Չինաստանում հանկարծակիորեն չեղարկվել են ճապոնական երաժշտական համերգներ, այդ թվում՝ The Blend խմբի և Կոկիա երգչուհու ելույթները։ Չնայած պաշտոնական արգելքի բացակայությանը, մշակութային ոլորտում ճապոնական միջոցառումների չեղարկումները և ճապոնական ֆիլմերի թողարկման հետաձգումները վկայում են, որ քաղաքական լարվածությունը ուղղակիորեն ազդում է մշակույթի ու բիզնեսի վրա։ Չինաստանի առևտրի նախարարությունը սպառնացել է հակաքայլերով, եթե Ճապոնիան շարունակի «սխալ ուղին», իսկ զբոսաշրջության ու տնտեսական ոլորտներում արդեն զգացվում է լարվածության հետևանքները։
Տակայչին հրաժարվել է հետ կանչել իր հայտարարությունը՝ ընդգծելով, որ Ճապոնիայի դիրքորոշումը տարածաշրջանային անվտանգության հարցերում չի փոխվել։ Այս իրավիճակը ոչ միայն խորացնում է երկու երկրների միջև անվստահությունը, այլև խաթարում է մշակութային ու տնտեսական կապերը, ազդելով ինչպես արվեստագետների, այնպես էլ գործարարների ու սովորական քաղաքացիների վրա։

