ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում կարծիք է հայտնել, որ հիմա շատ հետաքրքիր ժամանակահատված ենք ապրում, երբ խոսքն այլևս կորցնում է և, մեծ հաշվով, կորցրել է իր արժեքը:
«Ցավոք, իրոք, ցավոք: Լրագրությունը, ինֆորմացիան, լուրը սկսել են իրենց տեղը զիջել ստի մինի ներկայացումներին: Սկզբունքները հայտնի են վաղուց. որպեսզի սուտը վերածվի ճշմարտություն՝ այն պետք է լինի մատչելի, կարճ, էմոցիոնալ և հաճախակի: Ցանակալի է հնարավորինս ցնցող լինի, որ հնարավորինս շատ տարածվի: Ու հիմա այս տրամաբանությունը բերել է նրան, որ մեծ տարածում են գտել այսպես կոչված՝ ուռոդների շոուները, երբ «լիլիպուտ» «ուռոդները» գումարի դիմաց կամ ակնկալիքով, փոխարինում են իրական ինֆորմացիան: Այսպես օրինակ՝ մեծ լրատվամիջոցի ուղիղ եթերն այսօր համացանցում դիտում էին 1.100 մարդ, իսկ նույն պահին մեկ մուտանտի մեկնաբանությունը նույն օրվա լրահոսի վերաբերյալ դիտում էին 8 անգամ ավելի մարդ: Ու հաճախ դիտողները չեն էլ հավատում բովանդակությանը, դիտում են այն որպես շոու, որպես մի դերասանի ներկայացում: Ու որքան լկտի, սկանդալային ու տգեղ լինի այդ շոուն, այդքան լավ, որքան ցածր նա իջնի, որքան ստոր, որքան պրիմիտիվ լինի, այնքան հետաքրքիր, այնքան շատ դիտում», – գրել է Սիմոնյանը:
Նա նշում է, որ արդեն ջնջվել են խոսքի բոլոր սահմանները, գրեթե ամեն բան ասում են, ու ասում է ով ուզում է, ու ասելու են այնքան, որքան նվագի երաժշտությունը, որ «ամեն բան վերածեն էն կրկեսին, որից իրենք դուրս են մնացել»:
«Չնայած գիտեմ, որ ինչպես կրկեսը մի օր գնաց՝ մոռանալով այս ծաղրածուներին փողոցում, նրանք էլ կվերանան իրենց տերերի ետևից, որովհետև ես ու շատ-շատերը հիշում ենք, գիտենք, որ սկզբում էր խոսքը և այդ խոսքն էր…», – ավարտել է խոսքը քաղաքական գործիչը։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)