fbpx
Իրավական

Տանտերը մուրճով հարվածել է տուն մտած անձի գլխին․ բացահայտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ապրիլի 5-ին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Շինարարների փողոցում էին, երբ ժամը 11:40-ին ականատես եղան տարօրինակ տեսարանի:

«Բակից գլխապատառ դուրս էր վազում 30-35 տարեկան մի տղամարդ, ընդ որում՝ գլխապատառ նաև բառի բուն իմաստով: Գլխի վերքն արնահոսում էր, ձեռնոցներով էր, և ձեռքին էլ դանակ կար: Նրա հետևից վազում էր մուրճը ձեռքին մեկ այլ տղամարդ ու գոռում՝ բռնե՛ք:

Շրջայցի դուրս եկած Բազումի ոստիկանները՝ քրեական հետախույզն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչը, վազում են նրանց հետևից: Այդ ընթացքում արնահոսող տղամարդը ձեռքից գցում է դանակը, հանում ու նետում բանվորական ձեռնոցները, բայց ավելին անել չի հաջողվում. ոստիկանները բռնում են: Տեղում հանդարտեցնելով իրավիճակը՝ տանում են բաժին, որտեղ բոլոր հարցերը ստանում են սպառիչ պատասխաններ: Պարզվում է, որ մուրճով տղամարդը Շինարարների փողոցի բնակիչ է, իսկ դանակով զինվածը՝ հանցավոր մտադրություններով մեկը: Իսկ մինչ նրանց փողոց վազելը կատարվել էր հետևյալը:

Տանտերը տարօրինակ ձայն էր լսել և մոտեցել դռանը: Նայելով դիտանցքից` նկատել էր արևային ակնոցով ու բժշկական դիմակով մեկին, որը փորձում էր բացել դուռը: Հասկացել էր, որ նա եկել է գողության: Հանցագործությունը կանխելու, նաև ինքնապաշտպանության նպատակով վերցրել էր մուրճն ու թաքնվել դռան հետևում: Երկար չէր սպասել. տեխնիկական միջոցների գործադրմամբ դիմակավոր անձը բացել էր դուռը, բայց միայն մեկ-երկու քայլ էր կարողացել անել. թաքնված տանտերը մուրճով խփել էր գլխին: Հարվածից բնակարան մտած անձի ակնոցն ու դիմակն ընկել էին, ինքն էլ, գլխի արնահոսող վերքով, փախել էր փողոց: Իսկ ինչ էր կատարվել փողոցում, արդեն մանրամասնել ենք։ Գլխի վերքը մշակելուց և անհրաժեշտ գործողություններից հետո ոստիկանները 33-ամյա տղամարդուն ներկայացնում են Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվում։ Նա ձերբակալվել, ապա, դատարանի որոշմամբ, կալանավորվել է:

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ