Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Հարավային Կովկաս տանող նոր ճանապարհ կառուցելու մտադրություն ունի։ Այս մասին հայտնել է վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն՝ խոսելով այն մասին, որ Կադիրովը ծրագրում է գործարկել Իթում-Կալեից Շատիլիով անցնող հարավկովկասյան ճանապարհը:
Ըստ Արեշիձեի՝ Կադիրովը ոչ միայն ճանապարհն է ցանկանում գործարկել, այլև հսկիչ անցակետ ստեղծել։
«Հյուսիսային Կովկասում տարբեր շահագրգիռ խմբեր կան, որոնք ցանկանում են տարանցման դեր կատարել: Օրինակ՝ 2006 թվականին Կարաչաևո-Չերկեսիայից դեպի Աբխազիա ճանապարհ էր կառուցվել՝ Սուխում հասնելու համար: Հիմա գոյություն ունի Կադիրովի նոր ծրագիրը: Իթում-Կալեն Չեչնիայի ամենահարավային կետն է: Այնտեղ ժամանակին կառուցվել է 48 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհ: Այդ ճանապարհով փախստականները 1999 թվականին հասան Շատիլի: Ինչպես երևում է, այս ճանապարհի վերաբերյալ արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ ունի դաշնային մակարդակով, քանի որ նաև հսկիչ անցակետ է ուզում կառուցել: Սակայն չի կարող, քանի որ Ռուսաստանի դաշնային օրենսդրությամբ՝ հսկիչ անցակետ բացվում է, երբ 100 կմ երկարությամբ սահման կա, իսկ Չեչնիայի հետ սահմանը 85 կմ է: Հիմա փորձում է մի կերպ հայթայթել այդ 15 կիլոմետրը»,- հայտարարել է Արեշիձեն:
Նախագծի մասին խոսակցություններն ընթանում են արդեն մի քանի տարի: Որոշ տվյալներով՝ խնդրի շուրջ զրույց է կայացել Պուտինի ու Կադիրովի միջև: Չեչնիայում համապատասխան որոշ ենթակառուցվածքային աշխատանքներ են իրականացվել: Խորհրդային տարիներին Չեչնիայով տարանցմամբ որոշ ժամանակ ավտոճանապարհ է գործել:

