Կալանավորվել է Գագիկ Խաչատրյանի եղբորորդին

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, կալանավորվել է: Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, որոշումը հրապարակել է մոտ մեկ ժամ առաջ՝ բավարարելով Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:

Նշենք, որ Կարեն Խաչատրյանի կալանքի միջնորդության քննությունը երեկ կեսօրին սկսվել, ապա ընդհատվել էր: Նիստը շարունակվել էր երեկ ուշ երեկոյան, ապա դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Կարեն Խաչատրյանը նախկինում աշխատել է ՊԵԿ-ում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նա ձերբակալվել է օգոստոսի 27-ին:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինս մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունն, ինչպես նաև նրա ձերբակալման դեմ պաշտպանների բողոքն այս պահին քննվում է դատարանում:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ քրեական գործն առնչվում է տասնյակ միլիոնավոր դոլարների հետ:

Ամենաթարմ