ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար հորդորում է ճանապարհորդներին ցուցաբերել զգուշավորություն:
Կապիկի ծաղկի դեպքեր արձանագրած տարածքներ, երկրներ՝ Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Արաբական որոշ պետություններ կամ կապիկի ծաղկի էնդեմիկ երկրներ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Կոնգոյի Հանրապետություն, Նիգերիա, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Կամերուն, Կոտ դ’Իվուար, Գաբոն, Լիբերիա, Սիերա Լեոնե, Սուդան) ճանապարհորդելիս կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար անհրաժեշտ է խուսափել հիվանդ մարդկանց հետ սերտ շփումից: Խորհուրդ է տրվում խուսափել մահացած կամ կենդանի վայրի կենդանիների հետ շփումից, ինչպիսիք են փոքր կաթնասունները, ներառյալ՝ կրծողները (առնետներ, սկյուռներ) և պրիմատները (կապիկներ):
- Առողջապահության նախարարությունը իր զորակցությունն է հայտնում բուժաշխատողներին. Ավանեսյան
- Առողջապահության նախարարությունն անդրադարձել է ՊՇՌ թեստերի էժանացման մասին հարցին
«Պետք է խուսափել վայրի որսի միս ուտելուց կամ պատրաստելուց, վարակված կենդանիների հետ շփվելուց կամ Աֆրիկայի վայրի կենդանիներից ստացված մթերքներ (քսուքներ, լոսյոններ, փոշիներ) օգտագործելուց: Անհրաժեշտ է խուսափել հիվանդ մարդկանց կողմից օգտագործվող աղտոտված իրերի հետ (օրինակ՝ հագուստ, անկողնային պարագաներ կամ բժշկական կազմակերպություններում օգտագործվող նյութեր) շփվելուց: Չնայած նրան, որ հանրության համար ռիսկը գնահատվում է ցածր, այնուամենայնիվ ճանապարհորդը պետք է անհապաղ դիմի բժշկական օգնության, եթե նրա մոտ առաջանում է նոր, անբացատրելի մաշկային ցան (մարմնի որևէ մասի վերքեր), ջերմությամբ և դողով կամ առանց դրա, և խուսափի ուրիշների հետ շփումից: Ինչպես նաև անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին, եթե ախտանշանների ի հայտ գալուց մինչև մեկ ամիս առաջ ճանապարհորդը եղել է մի տարածքում, որտեղ գրանցվել է կապիկի ծաղկի դեպք կամ եղել է շփում կապիկի ծաղիկով վարակված անձի հետ»,- ասված է հաղորդագրությունում։