Սիրիայի Էլ-Հալիլ և Թանուրա սահմանամերձ շրջաններում՝ Ղամիշլի (Դամասկոսից 680 կմ) քաղաքի մոտակայքում, բախումներ են տեղի ունենում քրդական ջոկատների և թուրքական զինվորականների միջև։
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, հղում անելով սիրիական հեռուստատեսությանը, կողմերը մարտերում հրազեն և նռնականետեր են օգտագործում։
Հաղորդվում է, որ թուրքական հրետանին կարճատև դադարից հետո վերականգնել է քրդական ինքնահռչակ ինքնավարության կենտրոնական քաղաքի արևմտյան և արևելյան շրջաններում իրականացվող կրակահերթը։
Մեկ օրում թուրքական ուժերը հարվածներ են հասցրել 20 քրդական կրակակետերի ուղղությամբ։ Տեղի հեռուստաալիքներից մեկը հայտնել էր, որ խաղաղ բնակչությունը լքել է սահմանամերձ Ռաս-էլ-Այն և Թել Աբյեդ քաղաքները, որոնց հարևանությամբ ներկա պահին կենտրոնացած են թուրքական ուժերը։
Քրդական ուժերի տվյալներով՝ օրվա երկրորդ կեսին իրականացված ռազմական գործողությունների հետևանքով առնվազն 7 քուրդ զինվոր է մահացել, 16-ը՝ վիրավորվել։
Հաղորդվում է նաև, որ ԵՄ խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ բոլոր անդամ երկրները կոչ են արել Թուրքիային հետ կանգնել ռազմական գործողություններից։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերը սկսում են «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ քրդական ուժերի: