Աժ-ում այսօր Կառավարության կառուցվածքի փոփոխությունների քննարկման ժամանակ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը հարց ուղղեց ծրագրի հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանին. ո՞րն է նպատակը այս նախագծի՝ արդյունավետ կառավարման մոդել ստեղծե՞լը, թե՞ ֆինանսական խնայողություններ անելը:
«Եթե նպատակն արդյունավետ կառավարումն է, բերեք մեկ օրինակ՝ ինչո՞ւ Գյուղատնտեսության նախարարության ներկայիս կարգավիճակը ձեռնտու չէր, և ձեռնտու է այս մոդելը, որ ներկայացնում եք»,- հարցրեց պատգամավորը:
Զեյնալյանն արձագանքեց, որ դրանք տարանջատված չեն:
«Այն, ինչ ասացիք, մեկը մյուսին չեն հակասում, այդ նպատակով էլ արվում է: Գտնում ենք, որ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է լինի Էկոնոմիկայի նախարարության բաղկացուցիչ մաս, քանի որ սա ևս էկոնոմիկա է, սա հանգեցնում է մեծ խնայողության, ժամանակի և ներդրված միջոցների հաշվին ավելի մեծ արդյունք ստանալուն»,- արձագանքեց Զեյնալյանը:
Բարգավաճ Հայաստան կուսակցության մեկ այլ պատգամավոր՝ Արտյոմ Ծառուկյանը՝ հարցրեց, թե Կառուցվածքային փոփոխությամբ ի՞նչ գումար է տնտեսվում, ինչին ի պատասխան նախարարն արձագանքեց.
«Կոնկրետ որևէ մեկը, այդ թվում՝ Դուք, չեք կարողանա ասել, եթե հնարավորություն տրվի այս պահին դա հաշվարկել, որևէ մեկը չի կարող դա հաշվարկել՝ որքան գումարի խնայողության մասին է խոսքը, սա դինամիկ պրոցես է»: