Բանակիս քեֆին գառ եմ մատաղ անելու․ զոհված հերոս Կարեն Հովսեփյան

Հրապարակող՝

apoel ajax – Edited

Ամենադիտվածներ

«Ժպիտն այնքան սիրուն ու արևաշող էր, որ ասում էի մի խնդա նախանձվում եմ ժպիտիդ»,- այսպես է սկսում զրույցը Լիլիթը՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված Կարեն Հովսեփյանի քույրը:

Կյանքով լեցուն, աշխույժ ու հարազատներին նվիրված՝ այսպես է բնութագրում Կարենին քույրը։

Հովսեփյան Կարենը ծնվել է 2000 թվականին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։

Լիլիթն ասում է եղբայրը փոքր տարիքոմ շատ ակտիվ էր, միշտ փորձանքների մեջ էր ընկնում։ «Երբ մայրս աշխատում էր, ամբողջ ժամանակը միասին էինք անցկացնում»,- պատմում է քույրը։

Կարենը շատ էր սիրում կյանքը, միշտ ուշադիր էր իրեն շրջապատող մարդկանց հանդեպ։ Քույրն ասում է շատ բարի ու կենդանասեր էր։

«Հիշում եմ փոքր շուն ունեինք, երբ գնում էինք տատիկիս տուն, շանը դնում էր տոպրակի մեջ, ասում էր՝ հանկարծ չհոգնի քայլելուց շունիկը, մեղք է»,- պատմում է Լիլիթը։

Կարենի ու Լիլիթի տարիքային տարբերությունը 3 տարի է։ Լիլիթը պատմում է՝ եղբոր հետ շատ մտերիմ ընկերներ են եղել։

«Երբ փոքր ժամանակ կռվում էինք, ես մեծն էի ու միշտ հաղթում էի։ Հետո, երբ տարիներ անցան, ինքն էր ինձնից ուժեղ դարձել, ու երբ ասում էր արի մեր ուժերը չափենք, միշտ մի պատճառ բռնում էի խուսափելու համար»,- ժպիտով հիշում է Լիլիթը։

Կարենը հաճախել է Արթիկի 8 հիմնական դպրոց։ Լիլիթը ասում է՝ եղբայրը սովորել չէր սիրում։

«Սովորել չէր սիրում, ավելի լավ է տունը նորից քանդեր- հավաքեր, բայց երկու բառ չկարդար»,- շարունակում է Լիլիթը։

Քույրը կատակում է՝ Կարենի դպրոցական կյանքը այսպես էր անցնում․ կա՛մ դպրոց չէր գնում, կա՛մ էլ պայուսակը հետը չէր վերցնում:

Քույրը պատմում է շատ տարբեր են եղել, ինքը սովորող ու խելոք, եղբայրը՝ շատ չարաճճի։

«Կարենս սևուկ էր, մայրս սպիտակ վերնաշապիկ էր հագցնում դպրոց գնալիս։ Առավոտ սպիտակ, մաքուր, սիրուն շորերով գնում էր դպրոց, տուն գալիս սև ու կեղտոտ»,- ժպիտով է հիշում մանկության քաղցր պահերը Լիլիթը։

Կարենի հետաքրքրություններն անընդհատ փոխվում էին։ Գնացել է նկարչության, բռնցքամարտի ու ֆուտբոլի պարապմունքների։ «Շուտ էին փոխվում հետաքրքրությունները, ամեն պարապմունքին երկու ասմիս էր գնում ու շուտ հավեսը փախնում էր»,- պատմում է քույրը։

Լիլիթը հիացմունքով է պատմում եղբոր մասին։ Ասում է՝ եղբայրը տան տղամարդն էր, միշտ հոգատար ու ջերմ է եղել իր ու մայրիկի հանդեպ։

«Մամայիս ուրիշ սիրով էր սիրում, ասում էր շատ երեխաներ պիտի ունենամ, ու մայրս էլ ջահել, սրուն տատիկ պիտի լինի։ Մամայիս ասում էր մազերդ միշտ հարդարի, ներկի, միշտ պիտի սիրուն լինես»,- պատմում է Լիլիթը։

Կարենը խոհարարական հմտություններ է ունեցել։ Շատ համեղ է պատրաստել, միշտ օգնել է տան գործերում քրոջը։

«Խոհանոցում շատ համեղ էր պատրաստում ու նույնիսկ մտածում էինք խոհարար կդառնա»,- շարունակում է քույրը։

Կարենը ընտանիքի հետ 2013 թվականին տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, սակայն չափահաս դառնալուն պես վերադարձել է հայրենիք՝ զինվորական պարտքը կատարելու:

2019 թվականի հունվարի 18-ին Կարենը ծառայության է անցնում Հադրութում։

Կարենը շատ ընկերասեր էր, ու միշտ կիսում էր ունցածը ընկերների հետ։ Մարտական ընկերն է պամել, որ միշտ օգնել է ուրիշներին, բայց ինքը ուրիշից ոչինչ չի վերցրել։

Ծառայության ընթացքում հասցրել էր լավ տիրապետել «Կորդ» գնդացիրներին։ «Ծառայելու ընթացքում ամեն օր է զանգել մայրիկիս»,- պատմում է Լիլիթը։

Սեպտեբերի 26-ին Կարենենք բարձրացել են դիրքեր։ Մարտական ընկերը պամել է, որ իրենք իմացել են թշնամու հարձակման մասին, բայց չեն պատկերացրել, որ լայնածավալ պատերազմ կլինի։

«Ինձ Կարենիս ընկերն է պամել, որ պատերազմի նախորդ գիշերը, հաց են սարքել ու կերել, ասել՝ գոնե կուշտ կմահանանք»,- հիշում Լիլիթը։

Կարենը ծառայակից վեց ընկերները հետ զոհվել է պատերազմի հենց առաջին օրը։ Երկար ժամանակ տղաների ծնողները չեն կարողացել գտնել իրենց երեխաների մարմինները։

«Ինքը ապրում է իմ մեջ, ամեն րոպե, ես ինձ կմոռանամ, բայց ոչ եղբորս։ Հիմա ապրում եմ, որ եղբորս նպատակները իրականություն դարձնեմ»,- ասում է Լիլիթը։

Կարենը ասել էր՝ բանակիս քեֆին գառ եմ մատաղ անելու ու առնելու եմ ընկերոջիցս՝ Սերոբից։ «Սերոբը՝ եղբորս ընկերը, ևս զոհվել է»,- պատմում է Լիլիթը։

Քույրն ու մայրն են Կարենի ցանկությունը կատարել, գառը բերել ու մատաղ են արել։

Կարենը շատ երազանանքեր ու նպատակներ ուներ, բայց կյանքը զոհեց հանուն հայրենիքի։ Քաջ տղան հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով՝ մարտական առաջադրանքները հմուտ կատարելու համար։

Հեղինակ՝ Շողիկ Կակոյան

Ամենաթարմ