Կատարում 2 տարվա շրջափակման ընթացքում ավելի քան 30 հազար ընկերություն է ստեղծվել

Ամենադիտվածներ

Վերջին երկու տարիների ընթացքում՝ այն բանից հետո, երբ Կատարի հարևան արաբական երկրները շրջափակման մեջ դրեցին երկիրը, այնտեղ ավելի քան 30 հազար նոր ընկերություն է ստեղծվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է էմիրության առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար, շեյխ Խալիֆ բեն Ջասեմ ալ-Տանին:

Ալ-Տանիի խոսքով՝ շրջափակումը լուրջ խթան է հանդիսացել, որպեսզի Կատարը զգալի բարձունքներ նվաճի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, գյուղատնտեսական, արդյունաբերական բնագավառներում, ինչպես նաև ներդրումների գրավման, տեղական արտադրանքի ավելացման առումով:

«Անարդար շրջափակումից ի վեր Կատարում ստեղծվել է 32 հազար նոր ընկերություն, ինչը 34%-ով ավելի է, քան շրջափակմանը նախորդող երկու տարիների ընթացքում»,- հաղորդել է ալ-Տանին:

Պաշտոնյայի խոսքերով՝ 2018թ. էմիրությունից ոչ նավթային ապրանքների արտահանման ծավալն աճել է 35.1%-ով՝ կազմելով 24.4 մլրդ դոլար: Որպես համեմատություն՝ 2017թ. նման ապրանքների արտահանումից ստացված գումարը կազմել է 18.05 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ 2017-ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ այդ երկրին մեղադրելով ահաբեկչությանը սատարելու մեջ:

Ամենաթարմ