Հասարակություն

Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի եպիսկոպոսաց ժողովի պատվիրակությանը

Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակության անդամներին՝ առաջնորդությամբ Եպիսկոպոսական ժողովի Միջեկեղեցական հանձնաժողովի նախագահ և Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսի: Եպիսկոպոսաց ժողովի պատվիրակությունը Մայր Աթոռ է ժամանել Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով:

Պատվիրակությանն ուղեկցում էին Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ Մայր Աթոռը համագործակցում է Կաթոլիկ Եկեղեցու տարբեր կառույցների և Գերմանիայի մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ: Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին ցուցաբերվող այն աջակցության համար, որի շնորհիվ Մայր Աթոռի մի շարք միաբաններ հնարավարություն են ունեցել և այսօր էլ շարունակում են իրենց աստվածաբանական բարձրագույն կրթությունը ստանալ Գերմանիայի կաթոլիկ համալսարաններում:

Սրբազան Հայրը, անդրադառնալով նաև Հայոց Ցեղասպանության սոսկալի ոճրագործությանը, Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ պատվիրակությունն այցելելու է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Առաջիկա օրերին պատվիրակությունը կայցելի Հայոց Եկեղեցու զանազան կառույցներ` ծանոթանալով Հայոց Եկեղեցու լայնածավալ գործունեությանը, կլինի Հայաստանի մի շարք սրբավայրերում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ